Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապահովություն։ Չէ՞ որ նա քեզ հազար անգամ ասել է, թե չի կարող տալ: Չի կարող, որովհետև այլ է ոսկու հետևից վազելը, այլ է գաղափարին ծառայելը և մեկը մյուսի հետ երբեք չի կարող հաշտվել: Նրա ուղին նեղ է, փշոտ: Նա պետք է լինի մերկ, անոթի, ինչպես եղել են մարդկության բոլոր ուսուցիչները, մտքի բոլոր հերոսները...

«Անքանքար»,– կրկնում էր Ավալյանը մտքում, այնպիսի շարժումներ անելով գլխով ու ձեռներով, որ անցնողները իրավ, ունեին իրավունք նրան ցնորած համարելու:

Եվ այդ ասում է մի կին, որ պատիվ ու բախտավորություն ունի Ավալյանի ամուսինը լինելու։ Ինչու՞: Որպեսզի նրա ինքնասիրությունը վիրավորելով, հարկադրե նրան թողնել թանկագին երազները, տենչը մեծ մարդու և դառնալ մի խանութպան, մի գործակատար, անթև, անթռիչք, երկրին կպած մի ողորմելի որդ։ Ոչ, տխմար կին, դու չես հասնիլ նպատակիդ։ Քանի-քանի անգամ նա քեզ ասել է:

— Կին, հասկացիր, ես մեղավոր չեմ, որ իմ միջավայրը տգետ է, իմ ազգը գռեհիկ: Այնքան գռեհիկ, որ իր ընտիր զավակների մտքի սքանչելի արտադրությունները գրախանութներում փտեցնելը ոճիր չի համարվում։

Եվ նա «սքանչելի» բառն արաասանելիս միշտ մտածել է իր մի շարք տպագրված շարադրությունների մասին, որոնք, արդարև փտում էին գրավաճառանոցում։

Անցնելով մի թանի փողոցներ, Ավալյանը հասավ քաղաքի պարտեզներից մեկին։ Նա մտավ այնտեղ, նստեց մի նստարանի վրա, բաց արավ թևի տակ բերած գիրքը, որ մի փիլիսոփայական տրակտատ էր գերմաներեն լեզվով, և փորձեց փոթորկված հոգին զբաղեցնել ընթերցանությամբ։ Շուտով նրա բազմաչարչար գլուխը հոգնեց և ստամոքսն սկսեց բողոքել անոթության դեմ։ Նա դուրս եկավ պարտեզից և դանդաղ քայլերով անցավ մի շարք խանութների առջևով։ Նա կանգ առավ մի նպարավաճառանոցի դեմ: Նայեց համով դասավորփած ձկնեղենի, մսեղենի և մրգեղենի նմուշներին, որ շարեշար դրված էին անցորդների ախորժակը գրգռելու համար։ Քաղցը բորբոքվեց նրա մեջ և ինքն էլ չգիտեր ինչու, կատաղեց նպարավաճառի դեմ և մտքում ասաց «սրիկա»: