Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էհ բարեկամ, փողն ո՞ւմ չի հարկավոր։ Ես ինքս այսօր մեծ կարիքի մեջ եմ։

— Գոնե մի ռուբլի չե՞ս կարող տալ։

— Ոչ ռուբլի, ոչ կոպեկ, չունեմ։

— Ես կոմիսիա կտամ քեզ հարյուրին վաթսուն՝ պայմանավորված երեսնի փոխարեն։

— Որ իննսուն տոկոս էլ տաս, էլի չեմ կարող, չունեմ։

— Ցտեսություն,— ասաց Ավալյանը ընկճված ձայնով և դուրս գնաց։

— Գնաս բարո՜վ։

Երբ Ավալյանը տուն վերադարձավ, կինը կանգնած էր պատշգամբի վրա, ձեռները ծոցը դրած, հայացքն ուղղած դեպի վար կեղտոտ գավիթը, ուր խաղում էին նրա զավակները — մեկը վեց, մյուսը չորս տարեկան, երկուսն էլ աղջիկ։ Դա փոքրիկ հասակով, թուխ դեմքով, նեղ ճակատով, տափակ մազերով, հիվանդոտ աչքերով մի էակ էր — կյանքի առօրյա հոգսերի կատարյալ մարմնացում։ Տնային ծանր ու հարատև աշխատանքն և կարիքը ղրկել էր նրան իր տարիքին հատուկ թարմությունից։ Երեսուն տարեկան չկար, քառասունուհինգ տարեկանի տպավորություն էր անում։ Նրա մոտ կանգնած էր եղբայրը, մոտ քառասուն տարեկան մի տղամարդ, դեմքի առողջ, խնդուն ու խելացի գծերով, կատարյալ այս աշխարհի զավակ։

— Ահա և՛ ինքը,— ասաց նա, անփույթ բարևելով Ավալյանին,— ես ձեզ կհաշտեցնեմ։

Ավալյանը լուռ բարձրացավ սանդուղքով և անցավ բնակարան, որ բաղկացած էր երկու շատ փոքրիկ, շատ անշուք և վերին աստիճանի աղքատ կահավորված սենյակներից։ Նա վերարկուն ձգեց աթոռներից մեկի, գլխարկը մյուսի վրա և նստեց գրասեղանի քով։ Շուրջը ձգելով մի մոլոր հայացք. արմունկը հենեց սեղանին, գլուխը դրեց ձեռի ափի մեջ և աչքերը փակեց։ Կար այդ շրջապատող չքավորության մեջ մի սուր կշտամբանք, որ միշտ պղտորում էր նրա հոգին ինչ տրամադրության մեջ ևս լիներ։ Անտանելի զգացմամբ, գրեթե սարսափով սպասում էր, թե ահա, ահա ներս է մտնելու կինը և շարունակելու է առավոտյան տեսարանը։

Ալ. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ․ V—7