Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր անցյալի տխուր սխալը և խայթել, խայթել է կարիճի պես։ Եվ այս բոլորն այն օրից, երբ կինն անկեղծ, ազնվաբար, կարող եմ ասել նույնիսկ հերոսաբար, խոստովանել է իր անցյալի սխալը։ Նա ներում է խնդրել մարդուց արտասուքն աչքերին, ոտներին ընկած։ Մի՛ մոռացեք, որ այդ սխալն անբախտ կինը գործել է գրեթե մանուկ հասակում։ Մարդու սիրտը չի մեղմացել, նա չի ներել։ Նա, ընդհակառակը, պահանջել է թշվառից անձնասպանություն գործել։ Նա թույն է բերել տուն, դիտմամբ թողել է կնոջ ննջարանում, սեղանի վրա։ Նա ուզեցել է ազատվել կնոջից իր պատիվն իբրև մաքրելու համար։ Եվ մաքրել է. տիկին Արաբաջյանը թունավորվել է, թունավորելով արգանդում և՛ մի անմեղ էակի։ Ահա մռայլ եղելությունը։ Հետաքրքրական է կնոջ տանջանքը, բայց այդ մի սարսափելի տրագեդիա է, որ ես չեմ նկարագրիլ խնայելով ձեր ներվերը:

ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Նայելով Եվգինեին) Կարելի է երևակայել:
ՍՈՒԼԹԱՆՅԱՆ. Եվ մի՞թե այդ մարդը, որին դու գրեթե հրեշացրիր, ինքը չի՞ տանջվել:
Եվգինե. (Որ այս խոսակթության ամբողջ միջոցին, մի անկյունում, սակայն հասարակությանը նկատելի տեղ նստած, խորին ուշադրությամբ լսում է, երբեմն ցնցվելով): Տանջվե՜լ է:
ՄԻՀՐԱՆ. Այս, տանջվել է և այժմ էլ տանջվում է։ Նրա հոգեկան դրությունն էլ մի տրագեդիա է, բայց ի՞նչ է այդ տրագեդիան գործված հանցանքի համեմատ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Եվ ի՞նչը պիտի տանջե նրան իսկապես: Ցանկալի է իմանալ։
ՍՈՒԼԹԱՆՅԱՆ.Խղճի խայթոցը:
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Խղճի խայթո՜ց… (Հեգնաբար): Էհ, պարոններ, ում չի հայտնի, թե ինչ է խիղճ ասված բանը ոմանց համար։ Նեղն ընկած ժամանակ ամենազգայուն մարդն անգամ իր խղճի առջև դուրս է բերում այնպիսի ճարպիկ
կոմպրոմիսներ, որոնք կամաց-կամաց հանգստացնում են նրան ու թմրեցնում: