Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մա՜յրը. ծիծաղս գալիս է, երբ տեսնում եմ նրան հպարտ-հպարտ այս դռներով ներս մտնելիս։

ՍԻՄՈՆ. (Միջին դռների մեջ երևում է ցիլինդրով և երկար կոճակավոր սյուրտուկով) Կառքը և ես պատրաստ ենք։

ՕԼԳԱ. Լավ, մի՛ գոռա ։ Անյո՜ւտա։ (Գալիս է Անյուտան աջ դռներից) Գնանք վերարկուս հագցրու։

ՄԱՐԻԱՄ. Շո՞ւտ կվերադառնաս։

ՕԼԳԱ. Երբ կուզենամ։ (Գնում է միջին դռներով, Անյուտան և Սիմոնը հետևից):

ՏԵՍԻԼ Դ.

ՄԱՐԻԱՄ (միայնակ)

ՄԱՐԻԱՄ. Զուգիր, զարդարիր, ազատություն տուր ամեն տեղ գնալ, բայց ի՞նչ օգուտ։ Նա մնում է տանը և պառավում, որովհետև օժիտ չունի։ Ա՜խ, եթե աստված այդ Սուլիկյանի սիրտը դարձներ Օլգայիս կողմը, ես բախտավոր կլինեի։ Որդուս ամուսնացրի, մնաց աղջիկս։ Բայց բախտավո՞ր է որդիս. չեմ իմանում։ Ահա մի քանի ամիս է, տեսնում եմ, որ մարդ ու կին լավ չեն վարվում։ Անցյալները ականջովս լսեցի, ինչպես Հեղինեն նախատում էր Միքայելին։ Նա՞, իմ որդո՞ւն։ Ահա գալիս է, տխուր աչքունքը թթվացրած... (Ներս է մտնում ձախ դռներից Հեղինեն):

ՏԵՍԻԼ Ե.

ՄԱՐԻԱՄ և ՀԵՂԻՆԵ

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի, առանց Մարիամին տեսնելու) Նա գնաց առանց բացատրություն տալու։ Իսկ այդ ես սպասում էի ամենաջերմ փափագով։ Ոչ, իմ կասկածը արդար է, ես հետզհետե համոզվում եմ, որ... (Հանկարծ նկատելով Մարիամին) Մամա՛ա։

ՄԱՐԻԱՄ. Նա ինքն է։ Այնքան մտքով զբաղված էիր, որ հազիվ, վերջապես տեսար։ Այդ ի՞նչ նոր քամի է փչել, որ տխուր ես։