Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՂԻՆԵ. Ես․․․ տխուր չեմ։

ՄԱՐԻԱՄ. (Հեգնորեն) Իհարկե, ինլպե՜ս չէ, տեսնում եմ։ Ամուսինդ տա՞նն է։

ՀԵՂԻՆԵ. Ոչ, գնաց։

ՄԱՐԻԱՄ. Ո՞ւր։

ՀԵՂԻՆԵ. Ես չգիտեմ նա ուր է գնում։

ՄԱՐԻԱՄ. Չգիտես, բայց ո՞ւմ պարտքն է իմանալ։

ՀԵՂԻՆԵ. Կկամենայի այդ պարտքը ունենալ և կատարել։ Բայց Միքայելը ինձ երբեք չի հայտնում, թե ուր է գնում և երբ կվերադառնա։ (Մի կողմ) Զգում եմ, որ չար կասկածը ինձ դարձնում է ջղային, բայց պետք է զսպեմ ինձ։

ՄԱՐԻԱՄ. Նա քեզ չի՞ հայտնում, ա՜յ նորություն։ Նա քո առաջ մի երեխայի պես է պահում իրեն, նա քեզ սիրում է ավելի, քան ինձ՝ իր մորը։ Իսկ դու մի թե դժգոհ ես նրանից։

ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք, ո՞վ ասաց, որ դժգոհ եմ։

ՄԱՐԻԱՄ. Այդ երևում է քո ձայնից, խոսքերից և վերջապես դեմքից։ Ասա՛, դու այսօր կռվե՞լ ես նրա հետ։

ՀԵՂԻՆԵ. Ոչ, ինչո՞ւ պիտի կռվեի։

ՄԱՐԻԱՄ. (Հեգնորեն) Ով գիտե, դու նրա կինն ես, իրավունք ունես։

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Ծա՜ղր, միշտ ծաղր...

ՄԱՐԻԱՄ. Բայց նա առո՞ղջ է։

ՀԵՂԻՆԵ. Առողջ, ինչպես միշտ։

ՄԱՐԻԱՄ. Ուրա՞խ դուրս եկավ տնից։

ՀԵՂԻՆԵ. Ուրախ, ինչպես ամեն օր։

ՄԱՐԻԱՄ. Ուրեմն ինչո՞ւ դու տխուր ես, չլինի թե հիվանդ ես:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Պետք է ստել այդ հարցուփորձից ազատվելու համար։ (Բարձր) Այո, մի փոքր տկար եմ, գլուխս սաստիկ ցավում է։

ՄԱՐԻԱՄ. Հենց այդ. իմ գլուխս ամեն օր ցավում է։ Զբաղվիր տնային գործերով, կանցնի։ Մայրդ գալո՞ւ է այստեղ։

ՀԵՂԻՆԵ. Երևի, կգա։

ՄԱՐԻԱՄ. Եթե չեկա՛վ, մարդ ուղարկիր հետևից։ Այսօր մի քիչ տխուր եմ, ուզում եմ նրա հետ թուղթ խաղալ, կարելի է սիրտս բացվի։ Դե՛հ, ես գնում եմ իմ սենյակը, հենց