ինչո՞ւ դու ուրիշ մարդ չես, կոպիտ, գռեհիկ, չար մարդ։ (Ջեռն ազատում է նրա ձեռից և հեռանում):
ՄԻՀՐԱՆ. (Ապշած բևեռվում է միևնույն տեգում, աչքերը հառելով Եվգինեի վրա: Պաուզա): Աա՜...
ԵՎԳԻՆԵ. (Պաուզա): Ինչո՞վ պիտի վարձատրեմ քո բոլոր բարությունները, եթե ոչ... անկեղծությամբ։ Այո, այո, մի-միայն անկեղծությամբ։ Մի՛ նայիր ինձ այդպես, քո հայացքն ինձ կսպանե...
ՄԻՀՐԱՆ. Վախենո՞ւմ ես, այո՞, վախենում ես։ (Լռում է և շարունակ նայում):
ԵՎԳԻՆԵ. (Մի քանի վայրկյան անցուդարձ անելով, հանկարծ կանգ է առնում նրա առջև): Մի հարց... (ճակատը շփելով, պաուզայից հետո վճռական շարժումն է անում): Այն երեկո դու ասում էիր, եթե դու լինեիր Արաբաջյանի տեղը, կներեիր կնոջդ անցյալը...
ՄԻՀՐԱՆ. Ասում էի, հետո՞...
ԵՎԳԻՆԵ. Արդյոք, համոզմունքո՞վ էիր ասում։
ՄԻՀՐԱՆ. Այդ ի՞նչ հարց է... (Պաուզա: Ձայնը բարձրացնում է): Այդ ի՞նչ հարց է... (Պաուզա: Բռնում է Եվգինեի ձեռք և ուժզին թոթափում): Ինչ հարց է ա՞յդ...
ԵՎԳԻՆԵ. Օօ, ինչ ամուր ես սեղմում ձեռս, դու երկաթի ուժ ունիս։
ՄԻՀՐԱՆ. (Տակավին բաց չթողնելով նրա ձեռը): Ասա, ինչո՞ւ ես հարցնում...
ԵՎԳԻՆԵ. Հարցնում եմ նրա համար, որ ես... ես... մի անպիտան կին եմ, ես... արժանի չեմ... որ ես մի... մի տիկին Արաբաջյան եմ...
(Արտասանելով այս բառերը, ձեռն ազատում է Միհրանի ձեռից և թուլացած ընկնում է թախտի վրա: Երկարատև պաուզա, որի ժամանակ Միհրանը քարացած կանգնած է միևնույն տեղ, մի ուժեղ ցնցումից հետո: Իսկ Եվգինեն երկու ձեռներով երեսը ծածկած է: Վերջապես, Միհրանը շփում է աչքերը, նայում շուրջը, հետո ինքն իրան, կարծես, հավաստիանալու համար՝ երազումն է, թե արթուն):
ՄԻՀՐԱՆ. Այս ի՞նչ է... երա՞զ... թե՞ ցնորվել եմ... Բայց... կարծեմ, խելքս գլխիս է... Ահա նա, ահա մեր... հյուրասենյակը