ծանոթ իրեր... Օրը ցերեկով... Իմ փաղաքշանքներից հետո... Հենց այստեղ, ինքն իր լեզվով։ (Մոտենում է ու ձեռը բռնում): Հետ վերցրու ասածդ.... հետ վերցրու։
ԵՎԳԻՆԵ. Հազիվ կարողացել եմ ասել։
ՄԻՀՐԱՆ. (Թոթափելով նրա ձեռը ուժգին): Ուրեմն կատա՞կ չի այդ...
ԵՎԳԻՆԵ. (Խորին տանջանքով երեսը դարձնում է նրանից): Ո՞վ կարող է յուր ճակատագրի հետ այդպիսի կատակ անել։ (Ձեռն ազատում է ու քայլերն ուղղում դեպի ննջարան):
ՄԻՀՐԱՆ. (Կտրելով նրա ճանապարհը): Ոչ, ոչ, ոչ, ասա, որ ինձ փորձում էիր, ասա, որ ցնորված ես։ Դեհ, ասա՜ ... Աղաչում եմ, լսո՞ւմ ես, չեմ ստիպում, այլ աղաչում եմ, աղերսում եմ, լսի՛ր, ես տանջվում եմ... Ժպտա, որ իմանամ, թե սուտ էր, որ ինձ փորձում էիր... Ես կտամ քեզ ամբողջ կյանքս մի վայրկյանում, միայն հերքիր, հերքիր ասածդ...
ԵՎԳԻՆԵ. Ես բոլորն ասացի։
ՄԻՀՐԱՆ. Ուրեմն չե՞ս հերքում... չե՞ս հերքում... Աա, գարշելի,... (Ուզում է հարձակվել նրա վրա, բայց վայրկյանաբար զսպում է իրան): Գազա՜նը, գազանը պիտի զսպել։ (Ներս են մտնում տիկ. Հռիփսիմեն և տիկ. Մարթան դրսի հագուստով և ապշած մնում):
ՄԻՀՐԱՆ. (Հեկեկալով փաթաթվում է քրոջ պարանոցին): Մա՞րթա, Մա՞րթա...
ԵՎԳԻՆԵ. (Ընկնում է մոր գիրկը):
Մարթան, կարծես, իրողությունը գուշակած, ատելությամբ լի հայացքով նայում է Եվգինեին: Իսկ Հռիփսիմես ոչինչ չհասկանալով, ապշած նայում է Միհրանին:
Վարագույրս իջնում է հանդարտ