Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ։ Օգնի՛ր. այս քաղաքում, բացի քեզանից, մոտիկ ազգական չունիմ...


ՍԱՌԱՓՅԱՆ. Ի՞նչ է պատահել...

ՀՌԻՓՍԻՄԵ. Մի հարցնիլ, որդի, ոչ մի բան մի հարցնիլ, միայն օգնիր...

ՍԱՌԱՓՅԱՆ. Բայց ի՞նչպես օգնեմ, ո՞ւմ օգնեմ, երբ ոչինչ չեմ հասկանում։

ՀՌԻՓՍԻՄԵ. Չի էլ հարկավոր, որ հասկանաս, որդի, դու միայն, ահ... ցը՜... այո՛, ասա Միհրանին, ասա... որ... մի խոսքով հաշտեցրու նրան...

ՍԱՌԱՓՅԱՆ. Ո՞ւմ հետ հաշտեցնեմ։

ՀՌԻՓՍԻՄԵ. Ժենյայի։

ՍԱՌԱՓՅԱՆ. (Զարմացած): Միհրանը կռվել է Եվգինեի հե՞տ... Քարերը կտրաքեն... երկինքը կպատռվի։

ՀՌԻՓՍԻՄԵ. Չեն կռվել, որդի, այլ, այլ... ինչպե՞ս ասեմ... (Առանձին): Ախ, ինչ դժվար է գաղտնիք պահել... (Նրան). Գիտե՞ս ինչ, որդի. ասա Միհրանին, որ սուտ է, որ Ժենյայի... խելքը գլխին չէ... փորձում է... մի խոսքով, հանգստացրու նրան... (Սկսում է լաց լինել):

ՍԱՌԱՓՅԱՆ. (Ձեռը ճակատին զարնելով): Աա, հիմա հասկացա... Մի խոսքով ասա, վերջացրու էլի... Եվգինեին զրպարտել են։

ՀՌԻՓՍԻՄԵ. Զրպարտել են, իհարկե, զրպարտել են...

ՍԱՌԱՓՅԱՆ. Լուր են տարածել, որ նրա անցյալը նման է Արաբաջյանի անցյալին... Եվ տարածողն է տիկին Գալամքարյանը:

ՀՌՓՍԻՄԵ. Ի՛նչ, դու մի բան լսե՞լ ես։

ՍԱՌԱՓՅԱՆ. Այո՛, լսել եմ։

ՀՌԻՓՍԻՄԵ. Ուրեմն, խոսո՞ւմ են։

ՍԱՌԱՓՅԱՆ. Խոսում են։

ՀՌԻՓՍԻՄԵ. (Թուլանում ընկղմվում է գահավորակի վրա): Տունս քանդվեց...

ՍԱՌԱՓՅԱՆ. (Բռնելով նրա ձեռից): Լավ, ուշքի եկ, հորաքույր... Աշխարհում չի գտնվիլ մի ցինիկ, որ հավատա այդ զրպարտությանը։