ՀՌԻՓՍԻՄԵ. Բայց ի՞նչ անեմ, որդի, ի՞նչ անեմ, աղջիկս ձեռքիցս գնում է, բախտս ջուրն է ընկնում․․․
ՍԱՌԱՓՅԱՆ. Վեր կաց, հորաքույր, քայլերի ձայներ եմ լսում։ Չպիտի աղմուկ բարձրացնել։
ՀՌԻՓՍԻՄԵ. (Վեր կենալով): Այո, այո, չպիտի աղմուկ բարձրացնել․․․ Երևի, Մարթան է գալիս․․ oo, ես չեմ կարող նրա երեսը տեսնել։ Նա ուզում է հետս կռվել։ Այս դռներով կգնամ․․․ (Գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 5
ՄԻՀՐԱՆ և ԱԱՌԱՓՅԱՆ
ՄԻՀՐԱՆ. (Ներս է մտնում տնային պիջակով, գիշերային շապիկով, օձիքը վերև բարձրացրած: Նա գալիս է ննջարանից և երևում է, որ գիշերն անքուն է անցկացրել: Մտքերի մեջ խորասուզված, չնկատելով Սառափյանին, մոտենում է գրասեղանին, նայում թղթերին, հետո մոտենամ է գրքերի պահարանին, այնտեղ ևս ինչ-որ որոնում և ապա դարձյալ մոտենում է գրասեղանին: Այս ամբողջ ժամանակ Սառափյանը տարակուսած նայում է նրան մերթ ընդ մերթ գլուխը երերելով):
ՍԱՌԱՓՅԱՆ. (Պաուզա, մոտենում է): Ինչ երկա՜ր ես քնում։
ՄԻՀՐԱՆ. (Սթափվելով): Աա, այդ դո՞ւ ես... այդպես վա՞ղ․․․
ՍԱՌԱՓՅԱՆ. Լավ վաղ է․․․ արդեն մեկ ժամն է։
ՄԻՀՐԱՆ. (Մեքենայաբար): Արդեն մեկ ժամն է։ (Նստում է գրասեղանի քով, բաց անում արկղներից մեկը) Այս ինչ է այստեղ: (Հանում է արկղից մի ռևոլվեր): Այս ինձ նվիրել է, ով, այո, այո, այն թուրք բեգը, որի եղբորը պաշտպանեցի։ Ինչո՞ւ․․․ անցան այն ժամանակները, երբ մարդիկ կյանքի բարդ խնդիրները լուծում էին զենքով, իսկ այժմ․․․ (Արհամարհանքով ռևոլվերը դնում է սեղանի վրա և շարունակում արկղում որոնել): Վերցրո՛ւ, նվիրում եմ քեզ, հարկավոր կգա, դու նախկին զինվորական ես։
ՍԱՌԱՓՅԱՆ․ (Վերցնում է ռևոլվերն ու նայում): Հիանալի ռևոլվեր է, ամերիկական վերջին սիստեմայի․․․ (Դնելով գրպանը) Շնորհակալ եմ
(Պաուզա): Զբազվա՞ծ ես․․․