Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէի կամենա, որ նրա անցյալն այդպես լիներ, բայց մտածիր, ո՜վ եմ ես ինքս, ինչ է վերջապես, իմ սեփական անցյալը։ Այո, ի՞նչ է։ Եթե նա հազիվ պատանեկան հաասկում ընկել է մի խաբեբայի թակարդը, ինձ ոչ ոք չի խաբել, ես ինքս եմ խաբել... Այո՜, այո՜, թեև իմ խաբեբայությունն այնքան ստոր չի եղել, որչափ այդ պարոնինը, բայց խաբեբայություն է եղել... Ես ևս մոլորեցրել եմ կանանց․․․ Ինչո՞ւ Եվգինեն ինձ ներել է իմ անցյալի կեղտերը, իսկ ես չպիտի կարողանամ նրա անցյալի ակամա սխալը մոռանալ։ Եվ ոչ միայն սխալը, այլ թեկուզ կեղտերը, եթե լինեին կեղտեր...


ՄԱՐԹԱ. Վարսամյանի խոսքերը...

ՄԻՀՐԱՆ. Աա՜, այդ խոսքերը ոչ Վարսամյանինն են և ոչ իմը։ Դրանք խոսքեր չեն, այլ արդար բողոք օրենքի ուժ ստացած անիրավության դեմ... Եվ ես զարմանում եմ, որ դու կանանց իրավունքների պաշտպանդ, ընդդեմ ես մի այդպիսի բողոքի։

ՄԱՐԹԱ. Բայց ես չեմ ուզում, որ բողոքողը իմ եղբայրը լինի։ Չեմ ուզում, որ նա լինի դարավոր բերդի դեմ առաջին գնդակ արձակողը։

ՄԻՀՐԱՆ. Եվ ուզում ես, որ նա լինի բարոյական պարազիտ, հոգեկան քաջությունից զուրկ։ Ուզում ես, որ նա լինի մեկն այն ողորմելիներից, որոնք ստրկաբար հեծեծում են հասարակական կարծիք ասված բռնության ներքո... Ոչ, ոչ, ես չեմ կամենում և չեմ կարող լինել այդպիսի մարդ...

ՄԱՐԹԱ. (Լռությունից հետո): Այո, տեսնում եմ, որ իմ և քո հայացքների մեջ կա ահագին անդունդ։ Այդ անդունդը մենք չենք կարող լցնել վիճաբանությամբ։ Կռվելով ինքն իր հետ. պաուզա): Ուրեմն․․․ թող նա բաժանի մեզ։

ՄԻՀՐԱՆ․ Մա՜րթա...

ՄԱՐԹԱ. Ինչու կեղծեք, այդպիսի մի կնոջ հետ ես մի հարկի տակ մնալ չեմ կարող։ (Սկսում է արտասվել):

ՄԻՀՐԱՆ. (Գրգռվելով) Մի՛ վիրավորիր նրան։ (Ձախ դռների մեջ երևում է Եվգինեն: Նա գունատ է, նիհար, վերջիս ժամանակի կրած հոգեկան հուզումներն ու տանջանքները նրա դեմքին տվել են հեզության: Նրա աչքերի արտահայտությունը