Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վշտալի է, սակայն հանգիստ: Աչքերի տակ երևում են թեթև կնճիռներ, բայց վիշտը դեմքի գեղեցկությունը նրբացրել է: Մարթան, տեսնելով նրան, շտապով սրբում է իր աչքերն և ատելությամբ լի հայացքը հառում նրա երեսին: Մինչդեռ Եվգինեն նայում է նրան հանգիստ հայացքով, որի մեջ երևում է նրա հոգու հպարտությունը: Մարթան արագությամբ երեսը դարձնում է նրանից, Եվգինեի դեմքով սահում է մի մեղմ կիսահեգնական և ներողամիտ ժպիտ: Մարթան քայլերն ուղղում է դեպի խորքի դռները):


ԵՎԳԻՆԵ. (Հանգիստ մի քանի քայլ առաջ է շարժվում): Սպասեցեք։

ՄԱՐԹԱ. (Նայելով նրան անզուսպ ատելությամբ): Ի՞նչ եք կա մենում...

ԵՎԳԻՆԵ. Ես ձեզ խնդրում եմ մնալ...

ՄԱՐԹԱ. (Դառն հեգնությամբ և կծու): Մնալ այս օդում․․․ Այստեղ... ես կխեղդվեմ...

ՄԻՀՐԱՆ. (Դառն հանդիմանությամբ) Մա՜րթա, Մա՜րթա։

ՄԱՐԹԱ. Ես կվերադառնամ միայն քո վերջին վճիռն իմանալու համար։ (Գնում է):

ՏԵՍԻԼ 9

ԵՎԳԻՆԵ և ՄԻՀՐԱՆ

Միհրանը մոտենում է լուսամուտին, մի քանի վայրկյան նայում դեպի փողոց մտախոհ, հետո մոտենում է գրասեղանին, նայում ցրված հայացքով թղթերին, ապա նստում է, արմունկները դնում սեղանի եզրին և գլուխը հենում ձեռների ափերին. Եվգինեն մոտենում է գահավորակին և մի ձեռը հենելով սեղանին, նայում է նրան:


ՄԻՀՐԱՆ. (Բավական երկարատև լռությունից հետո, ձեռները հեռացնում է երեսից, բայց դարձյալ Եվգինեին չի նայում): Ինչ էիր կամենում ասել Մարթային։

ԵՎԳԻՆԵ. Ես ուզում էի խնդրել, որ նա իր եղբորը․․․ մենակ չթողնի․․․

ՄԻՀՐԱՆ. Ի՞նչ է նշանակում այդ։