Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս հիմար հալուցինացիայից և կմոռանամ բոլորը։ (Ըկղմվում է գահավորակի վրա և ճակատը ձեռներով սեղմում: (Պաուզա):


ԵՎԳԻՆԵ. (Դառն տանջանքով) Դու երբեք չես մոռանալ․․․

ՄԻՀՐԱՆ. (Գլուխն արագորեն բարձրացնելով և ոտքի կանգնելով): Ինչո՞ւ։ Միթե ես այնքան անզոր եմ հոգով, թուլամորթ․․․ Եթե ես կարողացա զսպել իմ մեջ նախահայրերիցս ժառանգած ասիականության կոպիտ ոգին, ինչո՞ւ չեմ կարող ավելին անել։

ԵՎԳԻՆԵ. Ինձ համար ավելի լավ կլիներ, եթե չզսպեիր այդ ոգին։ Այն րոպեին, երբ մթնած աչքերով հարձակվելով ինձ վրա, քիչ էր մնում սպանեիր ինձ, ես երկյուղ չունեի։ Մի հարված, և ես կստանայի իմ արժանի վարձը, ու ամեն ինչ կվերջանար։ Իսկ ա՞յժմ... Ոչ, Միհրան, մի՛ խաբիր քեզ։ Ներել — գուցե կարողանաս, բայց մոռանալ — երբեք։

ՄԻՀՐԱՆ. Ուրեմն...

ԵՎԳԻՆԵ. Պետք է անել այն, ինչ որ պահանջում է քո քույրը։ Ինչո՞ւ կեղծել, ինձ համար ավելի լավ է զրկվել ամեն բանից, քան դառնալ խղճալի։ Նա, որ մի ժամանակ ապրել է սիրո շքեղ պալատում, չի կարող կանգնել նույն պալատի դռների մոտ և ողորմություն խնդրել։

ՄԻՀՐԱՆ․ Գիտեի, որ հպարտ ես, բայց չգիտեի, որ այդչափ եսամոլ ես։

ԵՎԳԻՆԵ. Եսամո՜լ...

ՄԻՀՐԱՆ. Այո, եսամոլ։ Դու այս տնից ուզում ես հեռանալ այն պատճառով, որ չես կարող տեսնել իմ տանջանքները։ Դա եսամոլության նուրբ տեսակներից մեկն է։

ԵՎԳԻՆԵ. Թող այդպես լինի։ Բայց, հեռանալով այստեղից, կթեթևացնեմ քո տանջանքները։ Վիրավորված մարդու ցավը կրկնապատկվում է, երբ նա տեսնում է այն զենքը, որով վիրավորել է։ Միայն իմ բացակայությունը կարող է բուժել քո վերքը․․․

ՄԻՀՐԱՆ. Այդ է, ուրեմն, քո կարծիքով, խնդրի լուծումը։

ԵՎԳԻՆԵ. Ես կարծում եմ, որ ուրիշ ելք չկա։ Պետք է բաժանվենք։