Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՎԳԻՆԵ. Այն, որ ինձ համար անհամեմատ ավելի հեշտ է լսել նրա նախատինքները, քան տեսնել քո լուռ տանջանքները...


ՄԻՀՐԱՆ. Ի՞նչ է մնում ինձ անել, եթե ոչ լռել... Իսկ հետո (զգացված ձայնով) մոռանալ...

ԵՎԳԻՆԵ. Մոռանա՞լ... Ո՞վ կարող է մարդուց անհնարինը պահանջել։ Ես այդ մասին չեմ էլ երազում անգամ։

ՄԻՀՐԱՆ. Երբեմն մտածում եմ, արդյոք, ավելի լավ չէր լինի, եթե ոչինչ չիմանայի։ Հարյուր բախտավորներից իննսունինը ապրում է իլյուզիայով, թող մեկն էլ ես լինեի...

ԵՎԳԻՆԵ. Եվ ես շարունակեի խաբե՞լ։ Տեսնել քեզ երջանիկ և ամեն վայրկյան զգալ, որ դու խավարի մե՞ջ ես, որ քո երջանկությունը հիմնված է մի սիրող կնոջ կեղծիքի վրա՞։ Ո՛չ։

ՄԻՀՐԱՆ. Ճիշտ է, ճիշտ է, ես այդ մասին շատ եմ մտածել։ Բայց և այնպես երևակայությունս ամեն վայրկյան պատկերացնում է այդ քստմնելի տեսարանը բոլոր իր մանրամասներով։ Գիշեր-ցերեկ իմ աչքերի առջև կանգնած է քեզ մոլորեցնողի կերպարանքը և հալածում է ինձ իր հանդուգն ու լիրբ արհամարհանքով։

ԵՎԳԻՆԵ. Հեշտ չի դիմանալ վիրավորված պատվի զգացմանը...

ՄԻՀՐԱՆ. Պատվի՞... Ոչ, դու սխալվում ես։ Ինչպես դու ինձ հետ եղար անկեղծ, կլինեմ և՛ ես։ Իմ պատիվն ես արատավորված չեմ համարում։ Սխալը քո անցյալումն է և ոչ ներկայում։ Ինձ տանջում է միայն այն միտքը, որ դու երբևէ, թեկուզ մի ժամով, պատկանել ես այդ մարդուն։ Դա, իհարկե, նախապաշարմունքն է, այո՛ նախապաշարմունք բայց և․․․ տանջանք․․․ (Վեր է կենում և չափազանց հուզված անցուդարձ անում. մի քանի վայրկյան լռություն): Անցյալ օրն երեկոյան, մենակ նստած այս սեղանի մոտ, թեյ էի խմում, հանկարծ բաժակի մեջ, թեյի երեսին կենդանի նկարվեց նա։ Ես խելագարի պես գոռալով ոտքի թռա։ Թվաց ինձ, որ նա ծիծաղում է քեզ վրա դիվային ծիծաղով։ Ամեն տեղ, ամեն տեղ նրան եմ տեսնում։ Նրա ուրվականն ինձ հալածում է գիշեր-ցերեկ։ (Պաուզա): Բայց... բայց․․․ ես կազատվեմ, կազատվեմ