Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ-․ Աա՜, հինգ երեխա ունես չէ՞։ Ես Էլ հենց այս էի ուզում լսել։ Քսանուինը տարեկան հասակում—հինգ երեխա։ Ասա խնդրեմ, ո՞վ է մեղավոր, որ դու թեթևամիտ ես։


ՄԱՐՄԱՐՅԱՆ-․ (Բաժակը կիսով չափ լցրել է կաթով. Սուրենին) Երիտասարդ պարոն, բարի եղեք այդ սիֆոնը սեղմելու։

ՍՈՒՐԵն-․ (Սեղմելով սիֆոնը, լեցնում է Մարմարյանի բաժակը): Չէի կարծում, որ երեխաներ ունենալը թեթևամտության նշան է։

ՄԱՐՄԱՐՅԱՆ-․ էվալլա, կեցցեն ուրեմն ինձ նման ամուրիները։

ԱՆՏՈՆ-․ Քեզպեսների համար, իհարկե թեթևամտություն է․ քսանումեկ տարեկան չկայիր, գնացիր պսակվեցիր, այն էլ մի աղքատ աղջկա հետ։ Ի՞նչ ես կարծում, խելքը գլխին մարդը պարտավոր չէ՞ առաջ իրեն նյութապես ապահովել, հետո ամուսնանալ։

ՍՈԻՐԵՆ-․ (Հազիվ զսպված հեգնությամբ): Իսկ ի՞նչ կհրամայեիր անել խելքը գլխին մարդուն մինչև ամուսնությունը։

ԱՆՏՈՆ-․ Այն, ինչ որ անում են ամենքը։

ՍՈԻՐԵՆ-․ Ներիր, քեռի, ես չէի ուզում առողջությունս վտանգի ենթարկել։

ՄԱՐՄԱՐՅԱՆ-․ (Նայելով Սուրենի ցածից վեր ծուռ հայացքով) Ինչպե՞ս ես։

ՍՈԻՐԵՆ-. Ներեցեք, իմ խոսքը միայն ֆիզիկական առողջության մասին չէ։

ԱՆՏՈՆ-. (Բարկանալով) Սուրեն, դու շատ ես խելքիդ զոռ տալիս։ Իմ կարծիքով, այն մարդիկ են իրենց բարոյականությունը վտանգի ենթարկում, որոնք կճեպից դուրս չեկած աշխատում են ճտեր լույս գցել։

ՍՈԻՐԵՆ-. (Գունատվելով, սակայն զսպելով իրեն) Քեռի, ես ժամանակ չունիմ վիճելու, պետք է իսկույն վերադառնամ քաղաք։ Հրամայիր, ինչ որ ունիս հրամայելու։

ԱՆՏՈՆ-. (Զսպելով իրեն) Գնա, ես արդեն բոլոր պատվերներս տվել եմ։

ՍՈԻՐԵՆ-. Ցտեսություն։ (Գլուխ է տալիս ու գնում):

ԱՆՏՈՆ-․ Սպասիր։

(Սուրենը հետ է նայում)