մոռացված։ Այո, ես էի ուզում քո օրն ընկնել, բայց կաթվածն ինձ ազատեց։ Ես այնքան հիմար էի, որ երևակայում էի, թե աշունը կարող է գարնան հետ միանալ և կազմել ներդաշնակաթյուն։ Հավանում էի Հերսիլեին, այո, այս քեզ հայտնի է։ Բայց ինքը բնությունը սանձահարեց իմ հանդուգն փափագը— ամուսնանալ նրա հետ։ Եվ ես այժմ շատ ուրախ եմ իմ դրությանը։
Դաշնամուրի նվագումն ընգհատվում է:
Ահ, ընդհատվեց... Փույթ չէ, վաղը նորից նույնը կնվագվի...
ԱՆՏՈՆ. Ուրեմն, քո կարծիքով, ես երջանիկ ամուսին չե՞մ։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ոչ, և երբեք չես կարող երջանիկ ամուսին լինել։ Հերիք է, Անտոն, ինչքան կույր եղար, բաց արա աչքերդ և տես ինչ անդունդ կա քո և նրա մեջ։ Ով էիր դու, որ ամուսնացար, քառասունին մոտեցող մի թերմաշ, որի կյանքի սերն արդեն հավաքվել էր, թթու թանն էր մնացել․ իսկ նա տասնութ տարեկան երեխա էր։ Էվալլա, դու կին չէիր ուզում, այլ զարդ, որով կարողանայիր պարծենալ ուրիշների մոտ։
ԱՆՏՈՆ. (Աշխատելով հեգնել) Կեցցես, երևելի հոգեբան ես։ Բավական է, եթե ես թույլ եմ տալիս քեզ ինձ հետ համարձակ խոսելու, այս դեռ չի նշանակում, թե դու իմ համբերությունը պիտի հարստահարես քո հիմար դատողություններով։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ներիր, ես հափշտակվեցի։ Այդ երիտասարդի խոսքերը տակնուվրա արին իմ մտքերը։ Լռենք, ահա գալիս է նա...
ՀԵՐՍԻԼԵ․ (Դուրս է գալիս ձախ կողմի առաջին դռներից․ նա մատների ծայրերով բռնած է մի թիթեռնիկ, որին նայում է ուշադիր):
Անտոնը տեսնելով Հերսիլեին զվարթանում է, Մարմարյանը տեղից բարձրանալով, գլուխ է տալիս ու նորից նստում, գլխարկը դնելով քովի դատարկ աթոոի վրա.
ՀԵՐՍԻԼԵ. Բարով, Իլիա Մարտինիչ։ (Մոտենում է) Նայեցեք,