Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Թ.

ՍՈԻԼԻԿՅԱՆ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ. Դուք այստեղ, և ես չգիտեի (Բարևում են):

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Եկա մի քանի րոպեով և իսկույն պիտի գնամ:
ՄԱՐԻԱՄ. Դուք միշտ գալիս եք գնալու համար (մեկուսի) և դժբախտաբար այն ժամանակ, երբ Օլգան այստեղ չէ։ (Բարձր) Ներեցեք,
այսօր միասին պետք է ճաշենք, հետո թուղթ խաղանք. ես շատ եմ հավանում ձեր խաղը։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Հենց այդ բանի համար չեմ կարող մնալ (Բարձր) Իշխանուհի՛, ներեցեք, այսօրվա համար ուրիշին եմ խոսք տվել։
ՄԱՐԻԱՄ. Ուրեմն դուք չե՞ք սպասի Օլգային։ (Մեկուսի) Երանի՜ թե շուտ վերադառնար։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ահավասիկ, կարծեմ նա գալիս է։


ՏԵՍԻԼ Ժ.

ՆՐԱՆՔ և ՕԼԳԱ

ՕԼԳԱ. (Միջին դռներից մտնելով) Ձանձրացրեց ինձ այդ նվագահանդեսը։ Բարև ձեզ, պարո՛ն Սուլիկյան։ (Սուլիկյանը բարևում է սառն քաղաքավարությամբ) Մամա, նորություն. Նինա Մարղուլյանը ամուսնանում է վերջապես։

ՄԱՐԻԱՄ. Ո՞ւմ հետ։
ՕԼԳԱ. Ինժեներ Մեհրաբյանի։
ՄԱՐԻԱՄ. Ա՜խ (հառաչում է):
ՕԼԳԱ. Ես հրավիրվեցի հարսընկեր։ Դուք ճանաչո՞ւմ եք փեսացուին, պարո՛ն Սուլիկյան։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Այո, պատվական երիտասարդ է և խելոք։
ՕԼԳԱ. Ուրեմն ափսոսում եմ նրան... Նինա Մարղուլյանը, է՛հ, թողնենք։ Հույս ունեմ, որ այսօր դուք մեզ մոտ եք ճաշում։
ՄԱՐԻԱՄ. Նա ինձ մերժեց, դո՛ւ խնդրիր, Օլգա՛, քեզ չի մերժի։
ՕԼԳԱ. Խնդրում եմ։ Մերժո՞ւմ եք։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ստիպված եմ։