Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈԼՈՄՈՆ․ (Պատշգամբից) Զարմանալի չի բերում թուղթս, զարմանալի։ Փաս։

Անտոնը գլխով հայտնության նշան անելով Սուրենին, մոտեցել է Հերսիլեին, որ նստած է բազկաթոռի վրա և կանգնելով նրա հետևում, ձեռները սիրալիր դրել է նրա ուսերի վրա: Հերսիլեն տխրում է:
ՌՈԻԲԵՆ. (Դառն հեգնությամբ) Ափսոս միայն, որ այդ ձեր ամուր համարված պատվանդանն այժմ բավական խախտված է, պարոն Ֆրանգուլյան։ Եվ նրանք, որոնց աշխարհայացքը մի փոքր բարձր է իրանց ամուսնու կոշիկներից, այժմ չեն կարողանում իրանց անհատական երջանկությունը նրա վրա հիմնել։
ՍՈԻՐԵՆ. (Տաքանալով) Այդ այնտեղ ձեր լուսավոր Եվրոպայում և ոչ մեզանում։
ՌՈԻԲԵՆ. Ահ, երանի ընտանիքը մեզանում այնքան երջանիկ լիներ, որքան այնտեղ:
ՆԱՏԱԼԻԱ․ (Գալիս է ննջարանից) Օ՜հ, հոգնեցի նրանց զբաղեցնելուց։ Կարծեմ, քնել են ուզում։
ՀԵՐՍԻԼԵ. Ահ, Ժամանակն է։ (Շտապով անցնում է ննջարան)։
ՆԱՏԱԼԻԱ․ Անտոն, նրանք քեզ են ուզում։
ԱՆՏՈՆ․ (Կես կատակով, կես լուրջ) Ներեցեք, ես պիտի երեխաներին քնեցնեմ։ (Գնում է ննջարան):
ՎԱՐՎԱՌԵ. (Ռուբենին) Տեսաք, այդ ընտանեկան երջանկությունը։
ՌՈԻԲԵՆ․ Ես այլևս ոչինչ չեմ ասում։ (Մոտենում է պիանինոյին և նոտաները թերթում):
ՍՈԼՈՄՈՆ. (Պատշգամբից) Նատալիա, արի մոտս կանգնիր, քո ոտն ինձ գալիս է։ (Նատալիան գնում է պատշգամը։ Բեմի հետևից լսվում է շվիի ձայն։ Բոլորն ականջ են դնում):
ԱՆՆԱ. Ահ, այդ ի՞նչ է։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Շվի։ Մի ոտաբոբիկ և կիսամերկ եզիդի ամեն երեկո գալիս է լուսամուտի տակ, թմբի վրա ծալապատիկ նստում ու նվագում։ (Մոտենում է Ռուբենին):
ԱՆՆԱ․ Հիանալի է։ Եվ ինչ սազում են այն մելամաղձոտ հնչյունները լուսնկա երեկոյին։