Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒՐԵՆ. Իմ ընտանիքի առողջությունն ու նյութական ապահովությունը։


ԱՆՆԱ. Կարճ և հասկանալի։

ՎԱՐՎԱՌԵ. (Մի կոնֆետ ևս վերցնելով)
ամենքի համար այդպես է։ (Դնում է կոնֆետը բերանը) Դու համաձայն չե՞ս Հերսիլե։

ՀԵՐՍԻԼԵ. Ինձ մի հարցրու։ Ես մի այնպիսի տրամադրության
մեջ եմ, որ չգիտեմ, չգիտեմ... գուցե պատրաստ եմ գեղեցիկը սիրել նույնիսկ հանցանքի մեջ։

ԱՆՏՈՆ. (Զարմացած) Գեղեցիկը հանցանքի մե՞ջ...

ԱՆՆԱ. Շատ անգամ գեղեցիկը հանցանքի մեջ բյուր անգամ հաճելի է, քան առաքինին տգեղության մեջ։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Տարօրինակ խոսքեր մեր կանանց բերանում։

ՎԱՐՎԱՌԵ․ Խելքս բան չկտրեց։ (Կոնֆետ է վերցնում):

ՌՈԻԲԵՆ․ Ես այսպես եմ հասկանում տիկնանց ասածը․ գեղեցկությունն ուրիշ ոչինչ է, եթե ոչ առաքինություն։ Իհարկե․ գեղեցկություն ընդհանուր մտքով և ոչ միայն ֆիզիկական գեղեցկություն։

ՎԱՐՎԱՌԵ. Ամենից հասկանալին Սուրենի ասածն էր․ ընտանիքի առողջություն և ապահովություն, մնացյալը հիմար բաներ են։

ՌՌԻԲԵՆ. Միանգամայն հիմար... Այո բնության և կյանքի ո՞ր
հրաշալիքը կարող է այնքան հաճույք պատճառել, որքան ընտանիքի կուշտ և առողջ դեմքերը։

ՍՈԻՐԵՆ. Դուք կատակ եք անում պարոն Ալիմբարյան։

ՌՈՒԲԵՆ. Ոչ, ոչ, ես հրճվում եմ տեսնելով, որ մեզանում կենսական բոլոր խնդիրները գումարված ու դրված են մի գծի տակ — ընտանիքի առողջություն և ապահովություն։ Մնացյալ բոլոր խնդիրները դատարկ բաներ են, հիմար, անգործ մարդկանց անօգուտ խելքի արդյունք․․․

ՍՈԻՐԵՆ. Դուք պարզապես ծաղրում եք, պարոն Ալիմբարյան,
չնայելով որ ինքներդ ամուսնացած եք։ Բայց ես կասեմ, որ անհատի երջանկությունը հաստատուն չէ, եթե այն հիմնված չէ այն պատվանդանի վրա, որի անունն է ընտանիք։