Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ. Եվ ձեզ համար ոչի՞նչ, դատա՞րկ բան է, աա՞։

ՀԵՐՍԻԼԵ. (Տատանվում է, հետո դրականորեն) Այո, ոչինչ..․
ԱՆՏՈՆ. Դուք կին չեք, այլ հրեշ...
ՀԵՐՍԻԼԵ. Ինչու՞։ Որովհետև չե՞մ ստում և չե՞մ կարող ստել։ Որովհետև շրթունքներս չե՞ն դավաճանում իմ սրտին։ Որովհետև հանուն քո հարստության չե՞մ պղծում անկեղծությունն ու ճշմարտությունը...
ԱՆՏՈՆ․ Անկեղծությունն ու ճշմարտությունը չարիք են, երբ խորտակում են մի ամբողջ ընտանիքի կյանքը․․․
ՀԵՐՍԻԼԵ․ Այո, կեղծիքի, ստի և խաբեբայության վրա հիմնված կյանքը։ Մի կյանք, որի արտաքինը ոսկեզօծ է, իսկ ներքինը՝ փտած․․․
ԱՆՏՈն․ Կեցցեք, դուք բավական առաջադիմել եք ձեր անբարոյական աշակերտության մեջ։ Դուք փտած եք համարում մի հիմունք, որ սրբագործված է աստվածային և մարդկային օրենքներով։ Մի սկզբունք, որ միակ հաստատուն և ամուր պատվանդանն է մարդկային իմաստուն և բարոյական գոյությա՛ն։ Հապա ո՞րն է ձեր երևակայած կյանքի խարիսխը, ասացեք։
ՀԵՐՍԻԼԵ. Սիրտը։
ԱՆՏՈՆ. Սի՜րտը, հա-հա-հա, սիրտը, որ հարյուրից իննսունութինը դեպքում թշնամի է առողջ բանականության։
ՀԵՐՍԻԼԵ․ Եվ որը չի հպատակվում մարդկության շինծու օրենքներին և չի ենթարկվում նրանց բռնությանը։
ԱՆՏՈՆ. Կցանկանայի գիտենալ, ի՞նչ է թելադրում ձեզ ձեր սիրտն այսօր։
ՀԵՐՍԻԼԵ. Նա ինձ թելադրում է ասել, որ ներկա մեր դրությունը շարունակել այլևս անհնարին է և պետք է վերջապես, մի ելք գտնել ձեզ և ինձ ազատելու համար այս անվերջ գժտություններից։
ԱՆՏՈՆ. Բայց ո՞վ կամ ի՞նչը կտա ձեզ իրավունք ձեր կամքով խնդիրը լուծելու։
ՀԵՐՍԻԼԵ. Իմ անհատական ցանկությունը, իմ փափագը մարդկայնորեն ապրելու։
ԱՆՏՈՆ. Բայց չէ՞ որ ես ևս ունեմ անհատական ցանկություն և մարդկայնորեն ապրելու փափագ։