Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՏԱԼԻԱ. (Գլխարկը սեղանի վրայից վերցնելով) Տեր ողորմած աստված, դու մեզ փրկես փորձանքից։ (Անցնում է բուդուար):



ՏԵՍԻԼ 2
ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՏՈՆ



ԱՆՏՈՆ. (Գալիս է առանձնասենյակից: Տխուր է ու գրգռված) Ես գնում եմ նոտարի մոտ, թե Մարմարյանը գա, խնդրեցեք որ ինձ սպասե այստեղ. շուտով կվերադառնամ։
ՀԵՐՍԻԼԵ. (Չնայելով Անտոնի կողմը) Լավ։
ԱՆՏՈՆ. Այնուհետև, բարի եղեք տիկին գոնե առավոտները չնվագել, դուք ինձ խանգարում եք պարապել իմ ոչ-բանաստեղծական հաշիվներով։
ՀԵՐՍԻԼԵ. Լավ։
ԱՆՏՈՆ. (Հազիվ գրգիռը զսպելով) Դայակը տնից հեռացել է, ով կա երեխաների մոտ։
ՀԵՐՍԻԼԵ. Մայրս։
ԱՆՏՈՆ. (Հեգնական ծիծաղով) Մոր պարտականությունները տատն է կատարում։ Երևի, այդ նոր մոդան էլ այն ազատամիտ տիկին Ալիմբարյանից եք սովորել։
ՀԵՐՍԻԼԵ. Ուրիշ ասելիք չունի՞ք։
ԱՆՏՈՆ. Ունիմ։
ՀԵՐՍԻԼԵ. Լսում եմ։
ԱՆՏՈՆ. Հրամայում եմ, որ այդ կնոջ ոտքն այլևս իմ տանը չլինի։ Բավական է, որքան նա ձեզ կրթեց։
ՀԵՐՍԻԼԵ. Ես չեմ կարող իմ տան դռները փակել իմ ընկերուհու առջև։
ԱՆՏՈՆ. «Իմ տա՜ն դռները»։ Դուք տուն չունեք, տիկին, ոչ։
ՀԵՐՍԻԼԵ. Այո՞։
ԱՆՏՈՆ. Այո։ Այն առաջ էր, երբ ես փափագելով տիրանալ ձեր սրտին, տվել էի ձեզ ամեն բան։ Այժմ տունն իմն է և միայն իմը, իսկ դուք... դուք նրա մեջ... տնտեսուհի եք առանց իրավունքների։ Եվ դեռ այդ պաշտոնն էլ ձեզ համար, ինչպես տեսնում եմ, շատ է։
ՀԵՐՍԻԼԵ․ Խլեցեք այն էլ, եթե շատ եք համարում։