Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեմ կարողացել։ Ինչու խելքս կորցրի և կյանքս կապեցի նրա հետ։ Ախ, մամա, մամա չէի՞ր կարող գոնե մի երկու տարի էլ պահել քո տանը մինչև որ միտքս կբացվեր, և ես հիմարաբար չէի ընկնի այս գեհենի մեջ։ Մի՞թե այնտեղ չկար ինձ համար մի կտոր հաց։

ՆԱՏԱԼԻԱ. Համբերիր, համբերիր, այդ այնքան անսպասելի է ինձ համար, որ չգիտեմ ինչ ասեմ։ Ասա, Անտոնը վա՞տ մարդ է։ Ինչո՞վ։
ՀԵՐՍԻԼԵ. Ախ, մամա, մի՞թե ամուսինն անպատճառ վատ մարդ պիտի լինի, որ չսիրես նրան։ Բավական չէ՞, որ ես ամեն մի ժամ, ամեն մի րոպե զգում եմ, որ նա իմ կյանքի ընկերը չէ, որ ես խաբված եմ։ Բավական չէ՞, որ նրա հետ կենակցելն ինձ համար հոգեկան տանջանքների մի շղթա է։ Եվ մի՞թե ինձնից պիտի պահանջեն, որ այս շղթան կրեմ մինչև գերեզման միայն այն պատճառով, որ նրա ծայրը սրտիս խորթ մի մարդու ձեռքումն է։ Անտոնը վատ մարդ չէ, այո, բայց օտար է իմ սրտին, մամա, և ավելի, քան օտար...
ՆԱՏԱԼԻԱ. Լսիր, աղջիկս, այժմ ես միտքդ հասկանում եմ և գիտեմ ինչու ես քեզ անբախտ համարում։ Ականջ դիր։ Ես քսան տարեկան էի, քեզ նման գեղեցիկ, կրակոտ, երբ ամուսնացա հորդ հետ։ Այն ժամանակվա երիտասարդության մեջ նա աչքի էր ընկնում իր ոչ միայն գրավիչ արտաքինով, այլև խելքով ու սրախոսություններով։ Ես սիրեցի նրան և այնքան երջանիկ էի, որքան նոր օծված մի թագուհի։ Բայց (հուզումը զսպելով) շուտով կյանքիս հարսանիքը փոխվեց սգո օրերի։ Տարին չէր լրացել, երբ սկսվեցին ինձ համար այնպիսի սև օրեր, որոնց կարող է քաշել միայն խաբված, դավաճանված և ուրիշների ծաղրին ու ծանակին ենթարկված մի կին։
ՀԵՐՍԻԼԵ. (Զարմացած ու վշտացած) Մամա, մի՞թե հայրս։
ՆԱՏԱԼԻԱ. Այո, սիրելիս, հայրդ, այդ իսկապես շատ բարի, բայց և շատ թուլամորթ մարդը։ Հերսիլե, մի՞թե ես չգիտեմ ինչու չես հավանում Անտոնին։ Այո, նա գեղեցիկ չէ, լեզվանի չէ, նաև մի քիչ հասակավոր քո համեմատ, մի խոսքով ոչ մարմնով, ոչ հոգով քո ընկերը չէ, բայց