այդ բոլորը դատարկ բաներ են համեմատած այն մեծ արժանավորության հետ, որ ունի Անտոնը։ Հերսիլե, նա քո պատիվը ոտնատակ չի անում, նա քեզ չի դավաճանում, ծաղրելի չի դարձնում իր տիրուհիների աչքում, իսկ թե ինչ արժե այս — ես գիտեմ։ Քանի-քանի անգամ տխուր գիշերները մեն-մենակ չորս պատերի մեջ նստած, արտասուք եմ թափել և ճակատագիրս անիծել։ Ես հոգով ցանկացել եմ, որ իմ ամուսինը լիներ տգեղ, ծեր, մինչև անգամ հիմար, միայն թե ինձ և միմիայն ինձ ճանաչեր կանանց մեջ։
ՀԵՐՍԻԼԵ. Խե՜ղճ մամա, խե՜ղճ մամա։
ՆԱՏԱԼԻԱ. Եվ ահա մի այդպիսի գիշեր ես ուխտեցի տալ քեզ մի կոպիտ շինականի, մի հետին արհեստավորի, միայն թե գիտենամ, որ նա քեզ չի դավաճանիլ: Ասում են, որ ես կաշառվել ու հրապուրվել եմ Բեգմուրյանի հարստությամբ, բայց երդվում եմ եղբորդ արևով, քո արևով, Հերսիլե, այդ ճիշտ չէ։ Ես սիրել եմ նրա անձնավորությունը: Երբ առաջին անգամ նրան տեսա, սիրտս ինձ ասաց, «տուր այդ մարդուն քո աղջկան, նա լավ ընտանետեր կլինի, նա երբեք չի դավաճանի իր կնոջը»։ Եվ այսօր ես կարծում եմ, որ չսխալվեցի։ Այնպես է, թե՞ չէ։ Վեց տարի է ամուսնացել ես. ասա, երբևէ Անտոնը դավաճանել է քեզ կամ հափշտակվել մի ուրիշ կնոջով։
ՀԵՐՍԻԼԵ. Օ՜օ, եթե այդքանը միայն բավական լիներ նրան սիրելու համար, ես չէի ըմբոստանալ։ Մամա, մամա ինչի՞ս է հարկավոր նրա հավատարմությունը, երբ ես չեմ սիրում նրան և չեմ կարող սիրել երբեք, երբեք։
ՆԱՏԱԼԻԱ. Ինչիդ է հարկավոր, օ՜օ, եթե հավատարիմ չլիներ, կիմանայիր ինչիդ է հարկավոր։ Մարդ այն ժամանակ է միայն գնահատում իր ունեցածը, երբ զրկվում է նրանից։
ՀԵՐՍԻԼԵ. Գուցե՛ այդպես է, չգիտեմ, բայց հավատա, մամա, երբեմն հոգուս խորքում ցանկանում եմ, որ նա իմ մեջ շարժի խանդի զգացում, գուցե այդպիսով կարողանա սիրտս տաքացնել, բայց վեց տարի է նա ինձ վրա սիրահարված է խելագարի պես և այդ սերն ինձ համար սեր չէ,