այլ, այլ ինչպես ասեմ, մի տեսակ պատիժ, մի անտանելի բեռ հոգուս վրա:
ՆԱՏԱԼԻԱ. Հերսիլե, դու չգիտես ինչ ես ասում, դու խելքդ կորցրել ես։ Առաջին անգամն եմ լսում, որ մի կին կարող է տանջվել իր ամուսնու սիրուց, այն էլ այնպիսի մարդու, որ նրան շրջապատել է կյանքի բոլոր բարիքներով։ Հերսիլե, վախենում եմ ասել, չլինի թե աչքդ կշտացել է ամուսնական կյանքից և ուզում ես քեզ համար մի ռոման ստեղծել, ինչպես այդ անում են անբարոյական կանայք...
ՀԵՐՍԻԼԵ. (Զայրանալով) Մամա, լռիր։ Ինչպես տեսնում եմ վերջապես, ստիպված եմ ասել քեզ այն, ինչ որ չէի կամենում ասել։ (Ձայնը ցածրացնելով) Մամա, ես զզվում եմ Անտոնից, հասկացա՞ր, զզվում եմ:
ՆԱՏԱԼԻԱ. (Ցնցվելով) Զզվո՞ւմ ես։
ՀԵՐՍԻԼԵ. Այո, ես մարմնավոր զզվանք եմ զգում դեպի նա:
ՆԱՏԱԼԻԱ. Ահա թե ի՜նչ։
ՀԵՐՍԻԼԵ. Ամեն անգամ, երբ նա մոտենում է ինձ և շինականի պինդ ձեռներով գրկում է, երբ մանավանդ համբուրում է, մարմնովս սարսուռ է անցնում։ Սկզբում դեռ ոչինչ, մի կերպ զսպում էի ինձ, իսկ հետո, հետո օհ, աստված իմ... (Երեսը ծածկում է ձեռներով)։
ՆԱՏԱԼԻԱ. Բայց դու վեց տարի ապրել ես նրա հետ, դու նրանից երեխաներ ունես...
ՀԵՐՍԻԼԵ. Ապրել եմ այո, ապրել եմ ուրիշների աչքում, իսկ ինձ համար դա ապրուստ չի եղել, այլ զզվանք և տառապանք։ (Հանդարտ լալիս է):
ՆԱՏԱԼԻԱ. (Մտատանջությամբ) Մարմնավոր զզվանք, այդ ուրիշ բան է, ես չեմ զգացել, բայց լսել եմ, որ դրա դեմ դեղ չկա։ Լավ, Հերսիլե, մի լար, արտասուքը չի օգնիլ: Գնանք երեխաների մոտ, նրանք քեզ կմխիթարեն, գնանք: (Զանգակի ձայն): Ահա, գալիս են... գնանք, երեսդ լվացիր, հագնվիր... (Հերսիլեին գրկելով տանում է բուդուար):