Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Իսկ այժմ․․․ այժմ, երբ նայում եմ նրանց, սիրտս կտրատվում է վշտից, որ ես իսկական մայր չեմ, այլ ֆիզիկական ծնող, որ նրանք բարոյապես խորթ են ինձ համար։ Եվ միթե դա հանցանք չէ, աա՞, Աննա, հանցա՞նք չէ։ Եվ եթե հանցանք է՝ ինչո՞ւ կրկնել, ինչո՞ւ շարունակել ամեն օր։ Աա, ասա, Աննա, պետք է կրկնե՞լ, պետք է շարունակե՞լ․․․

ԱՆՆԱ. Հարցրու քո սրտից, քո հոգուց, սիրելիս։ Այդ տեսակ հարցերի պատասխանը մարդ միայն իր մեջ պիտի փնտրի․․․

ՀԵՐՍԻԼԵ. Հարցնեմ հոգո՞ւցս։ Ախ, ես շատ անգամ և երկար ժամանակ խորհրդակցել եմ հոգուս հետ և եկել եմ այն եզրակացության, որ երկու չարիքից պետք է ընտրել նսեմագույնը։ Ես մայր եմ, այո, ուրեմն պարտավոր եմ կրթել իմ զավակներին։ Բայց ի՞նչ կրթություն կարող է տալ իր զավակներին մի մայր, որ այդ զավակներին համարում է սեփական սխալի և թշվառության հետևանք։ Ես աղավաղում եմ նրանց սիրտն ու հոգին և կլինեմ անբարոյական մայր, եթե շարունակեմ։ Ոչ, ոչ, պետք է վերջ տալ այս կեղծիքին և ստությանը։ Ես չունիմ իրավունք շարունակելու, ամենևին․․․ Աննա, չունիմ իրավունք․․․

ԱՆՆԱ. Սիրելիս, անգինս ինչպե՞ս թողնեմ քեզ այդպիսի հուզված գրության մեջ և հեռանամ։ Հանգստացիր հոգիս․․․ (գրկում է):

ՀԵՐՍԻԼԵ. (Ազատվելով նրա գրկից) Մի վախենար իմ մասին և բոլորովին մի հոգար։ Դու ինձ մինչև այսօր տեսել ես թույլ ու տկար, այժմ կտեսնես ուրիշ բան։ Գնա, դու կարող ես ուշանալ։ Ես ուզում եմ, որ դու այսօր գնաս, անպատճառ այսօր, հասկանում ես, հետո կարող է․․․ ուշ լինել։ Դեհ բարի ճանապարհ․․․

ԱՆՆԱ. Բայց դու ինձ սառն ես ճանապարհ դնում։ Հերսիլե, դու ինչ-որ մտածում ես, ինչ-որ վճռում, քո դեմքի արտահայտությունն ինձ ապշեցնում է։ Հերսիլե, հայտնիր ինձ քո դիտավորությունը։

ՀԵՐՍԻԼԵ. Կիմանաս, շուտով կիմանաս․․․ Ես կգրեմ․․․ Հենց