Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


այսօր, իսկույն այս րոպեիս․․․ Գնա, ես վախենում եմ, որ նա գա․․ Նա քեզ ատում է, նա քեզ է պատճառ համարում իմ փոփոխության։ Նա կարող է քեզ վիրավորել․․․

ԱՆՆԱ. Մնաս բարով, սիրելիս․․․ Ահա ինչ, Հերսիլե, ինչ էլ որ վճռես անելու, իմացիր, որ իմ համակրությունը միշտ քո կողմն է, բացի մի դեպքից․․․ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։ Այդ գիտես, խնդրի հնացած տեսակի լուծումն է․․․ Չպիտի թուլամորթ լինել․․․

ՀԵՐՍԻԼԵ. Ես երբեք թուլություն չեմ ցույց տալ։

ԱՆՆԱ. Աա՜ հասկացար միտքս ուրեմն, զգույշ և խոհեմ եղիր․․․

ՀԵՐՍԻԼԵ. (Դառն ծիծաղով) Զգույշ ու խոհեմ եղիր․․․․ Եվ այդ ասում ես դու, Աննա, դո՞ւ, որ իմ մեջ առաջացրիր այս հոգեկան հեղաշրջումը քո մտքերի ազատ թռիչքով․․․

ԱՆՆԱ. Բայց դու հասկացար ինչ մտքով եմ ասում՝ զգույշ եղիր․․․

ՀԵՐՍԻԼԵ. Այո, այո, հասկացա․․․ Դեհ, գնա, հեռացիր, բարի ճանապ․․․ Ոչ, ցտեսություն, շուտով կտեսնվենք․․․ Գնա, որ նրան չհանդիպես․․․

Համբուրվում են: Աննան համբուրում է նրան երկու, երեք անգամ, արագ-արագ և շտապում դուրս նախասենյակի դռներով:


ՏԵՍԻԼ 6




ՀԵՐՍԻԼԵ և ՎԻՐԺԻՆԵ



ՀԵՐՍԻԼԵ. (Ճանապարհ դնելով Աննային, մոտենամ է բուդուարի դռներին) Վիրժինե․․․

ՎԻՐԺԻՆԵ. (Երևում է դռների մեջ) Պատրաստ է։

ՀԵՐՍԻԼԵ. Ասա Սամսոնին, որ մի կառք կանչի։ Շուտ և ինչ որ պատրաստել ես տար փողոց։ Սպասիր։ Քնեցի՞ն։

ՎԻՐԺԻՆԵ. Վաղուց են քնել։

ՀԵՐՍԻԼԵ. Շտապիր․․․

ՎԻՐԺԻՆԵ. (Անցնում է նախասենյակ):

ՀԵՐՍԻԼԵ. (Մնալով մի քանի վայրկյան անշարժ) Այո, այո, ուրիշ ելք չկա․․․ Բոլոր ճանապարհները, բացի այս մեկից,