ՍԱՂԱԹԵԼ. Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում։
ԿԱՐԻՆՅԱՆ. Ճշմարիտ, ես մոռանում եմ, որ Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե։
ՍԱՂԱԹԵԼ. Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ։ Եվ այդ շատ ճիշտ կարծիք է։ Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են։ (Տերողորմյան ձեռների մեջ տրորում է և հոտ քաշում)։
ԿԱՐԻՆՅԱՆ. Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել։
ՍԱՂԱԹԵԼ. Էհ, դու էլ խոսքի տակին գլխին — խիղճ։ Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում։ Ափսոս, որ փորը կշտացնող չէ։
ԿԱՐԻՆՅԱՆ. Այո, շատերի համար անմարսելի է։
ՍԱՂԱԹԵԼ. Ինչպես, օրինակ՝ հրամանոցդ համար։ Տեսնում եմ քառասունուերկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես։ Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞։
ԿԱՐԻՆՅԱՆ. Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ։
ՍԱՂԱԹԵԼ. (Կծու հեգնությամբ) Ի՛նչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում։ Էէ՜, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օր վրա մաշվում է տաջանքից։ Հա, ի՛նչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ։
ԿԱՐԻՆՅԱՆ. Ոչ:
ՍԱՂԱԹԵԼ. Էհ, գոհություն աստծու։ (Տերողորմյան տրորում է և հոտ քաշում)։
ԿԱՐԻՆՅԱՆ. Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ։
ՍԱՂԱԹԵԼ. Այդ երկար պատմություն է։ Բայց մեր գործը չէ։