Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈԻՐԵՆ. Այո, մամա, եղբայրդ ավելի բարի գտնվեց, քան դու և մեծ որդիդ։


ԵՐԱՆՈԻՀԻ. Հե՛տ վերցրու, Սաղաթել, հե՛տ վերցրու։ Փողը նրան փչացրեց, փողոցները գցեց։

ՍՈԻՐԵՆ. Լավ, մամա, հին երգդ երգելու տեղը չէ, գրասենյակից կլսեն։ (Գրասենյակի դռները ծածկում է):

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, թող լսեն, Այժմ ամենքն էլ գիտեն, որ դու որդի չես ինձ համար, այլ աստծու պատիժ։

ՍՈԻՐԵՆ. Ինչո՞ւ։ Որովհետև ապրե՞լ եմ ուզում։ Այնպես, ինչպես ապրում են իմ բոլոր ընկերնե՞րը։

ՍԱՂԱԹԵԼ. Այսինքն, բոլոր անառակ զավակները։ (Մի կողմ) Վա՛, ի՜նչ ասացի։

ՍՈԻՐԵՆ. Քեռի, իմ գործերին մի՛ խառնվիր։ Քոնն այն է, որ հորս հաշիվներին վերադիր անես և սպանաղ ու ղանձիլ ուտես։

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Լավ կծեց, տեղն է քեզ, Սաղաթել։

ՍՈԻՐԵՆ. Իսկ դու, մամա, հոգս արա մյուս որդուդ համար։ Կարող եմ հավատացնել, որ նա ինձանից ավելի վատ ճանապարհի վրա է։ Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ։ Հասակացա՞ր, սիրելի մամա։ Ցտեսություն, ճաշին ինձ չսպասեք։ (Գնում է նախասենյակի դռներով):

ՏԵՍԻԼ 4

ԵՐԱՆՈԻՀԻ և ՍԱՂԱԹԵԼ

ԵՐԱՆՈԻՀԻ. (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ դանակով մորթեցին։ Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. «փող տուր, թե չէ կսպանեմ»։ Ոտներս թուլացան, աչքերս մթնեցին, ասացի երկուսն էլ կորան։ Մի կերպ բաժանեցի։ Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք կան, որ ինձ նախանձում են, հարուստի կնիկ եմ։


ՍԱՂԱԹԵԼ. Է՜է. ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է։ Մեկի քանդածը մյուսը շինում է։

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, չեմ ուզում ոչ քանդողին, ոչ շինողին։ Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք։ Երկուսն էլ աստծու ճանապարհից դուրս են։