Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր ժամանակներում փողը երկնային թագավորի պատիժն է։


ՍԱՂԱԹԵԼ. Օրհնվի նրա կտրողի ձեռները։ Փողի պես էլ քաղցր բան կա՞ աշխարհում։

ԵՐԱՆՈԻՀԻ. Հեթանոսնե՜ր, աստված չունիք, Բեհեղզեբուղին եք երկրպագություն տալիս։

ՍԱՂԱԹԵԼ. է՜է հե, էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը։

ԵՐԱՆՈԻՀԻ. Լույս գա նրա գերեզմանի վրա։ Նա ասում էր փողը հնարված է սատանայի ձեռքով, որ մարդկանց գեհենը տանի։

ՍԱՂԱԹԵԼ. Ասում էր, որովհետև քահանա էր, իսկ մենք աշխարհականներ ենք, մե՞զ ինչ։

ԵՐԱՆՈԻՀԻ. Վախեցիր ահեղ դատաստանից, Սաղաթել։ Մի՛ պաշտիր փողը կուռքի պես։

ՍԱՂԱԹԵԼ. Քույր, աստծու պատիժն էլ, վարձքն էլ այս աշխարհումն է։ Ահեղ դատաստան-մատաստան չկա։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Զարհուրած) Կա, անհավատ, կա:

ՍԱՂԱԹԵԼ. Դե հ՜ը, կա, թող լինի։ Բայց հարցրու մեծ որդուդ, տես նա ինչ է ասում։ Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են հնարել` իրանց այրված սիրտը մխիթարելու համար: Որդիդ է ասում, լսո՞ւմ ես, ասում է` գիտության խոսքն է։

ԵՐԱՆՈԻՀԻ. Անիծվի ձեր գիտությունը։

ՍԱՂԱԹԵԼ. Ինչո՞ւ։ Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ էլեկտրական է տվել։ Ասա խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ, սոելեֆոն, գրամոֆոն գիտությո՞ւնն է հնարել, թե՞ քո տերտերները։

ԵՐԱՆՈԻՀԻ. Զուր չեն ասում, թե տերտերի որդին անհավատ կլինի։

ՍԱՂԱԹԵԼ. Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարով հետ ես մնացել: Խելքի եկ, բաց արա աչքերդ, տես ի՛նչպես են ապրում մյուս հարուստների կանայք։ Ուտում են, խմում, քեֆ անում, ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու վազում ես... Ահեղ դատաստան։ (Փոքրիկ պաուզա): Մի նոր բան էլ այն փոքր աղջիկդ է հնարել —Մարգարիտը. ճշմարտությո՜ւն։ Երեկ սկսեց գլխիս ավետարան