ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞վ։ Քո մտքերով։ Դու երբեք իմ մասին լավ բան չես մտածել։ (Լռություն): Ի՞նչ է խոսել քեզ հետ Օթարյանը։
ԵՐԱՆՈՒՀԻ. Արտաշե՞սը։ Ոչինչ։ Ինչ որ քեզ հետ է խոսում, նույնն էլ ինձ հետ։
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես կարծում, նա ինչպիսի տղա է:
ԵՐԱՆՈԻՀԻ. Նա օրինավոր տղա է, շատ օրինավոր, համեստ, խելոք...
ԱՆԴՐԵԱՍ. Լավ, լավ, մի՛ երկարացնիր, գովելդ ավելորդ է...
ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչում է):
ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Լսի՛ր, հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, թո՛ղ այդ հառաչանքներդ, ախ ու վախդ։ Քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն մի խոսքիդ տակ ես զգում եմ նախատինք։ Քո տխրությունն ինձ կատաղեցնում է։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ստվերի պես հետևում ես ինձ. ծուռ եմ դնում ոտս թե՞ ուղիղ, ումի՞ն զրկեցի, ումի՞ց ավելորդ վերցրի, ումի՞ն պակաս տվեցի։ Թո՛ղ ինձ հանգիստ, դու իմ խի՞ղճն ես, ինչ է։ Չի հարկավոր, կարոտություն չունեմ։ Իմ մեջ խիղճ էլ կա, հոգի էլ, աստված էլ...
ԵՐԱՆՈԻՀԻ. (Տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ...
ԱՆԴՐԵԱՍ. Ա՜ա, շատ լավ ես հասկանում։ (Անհանգիստ նայելով ժամացույցին) Արդեն երկու ժամն է։ Չեկավ այդ տղան։
ԵՐԱՆՈԻՀԻ. (Զսպելով իրեն) Տա՞նն ես ճաշելու։
ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, ա՞յդ ինչ հարց է։
ԵՐԱՆՈԻՀԻ. (Խորհրադավոր) Ո՞վ գիտե քո բանը։
ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսնո՛ւմ ես, հենց այդ «ով գիտետե»-ի տակ սատանան է նստած։ Նախատինք, միշտ նախատինք։ Օձի նման է կծում։ Հեռացի՛ր։ Առավոտից դեռ շան պես անոթի եմ։ Գնա, ճաշ պատրաստիր։ Մի աման էլ Արտաշեսի համար դիր։ Ես նրան ճաշի եմ պահելու: Լավ վարվիր նրա հետ, այդ ինձ հարկավոր է։ Եթե Բագրատը տանն է, ուղարկիր այստեղ։ (Երանուհին գնում է ձախ դռներով)։