ԱՆԴՐԵԱՍ. (Լռություն): Քույրդ ամեն բան գիտե։ Պետք է աշխատել, որ նա գործը չփչացնի։
ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դու նրա հետ այնպես ես վարվում, որ ինքդ կարող ես փչացնել։
ԱՆԴՐԵԱՍ. Այդ ճշմարիտ է։ Ես երբեմն չգիտեմ ինձ զսպել։ Բայց ինչ անեմ, այսօր առավոտից դես գրգռված եմ: Մարդիկ սկսել են խոսել իմ մասին։ Աա, ես գիտեմ, որ սև նախանձը նրանց հանգստություն չի տալիս։ Անդրեյ Պետրովիչ էլիզբարովի աստղը շատերի աչքն է ծակում։ Տներս ու քարվանսարաներս տանջում են մարդկանց։ (Լռություն): Ծառայողները գնացի՞ն։
ՍԱՂԱԹԵԼ. (Գրասենյակի դռներից ներս նայելով) Գնացել են։
ԱՆԴՐԵԱՍ. (Խոսում է, կարծես ինքն իր հետ, անցուդարձ անելով) Փա՜հ, էլիզբարովի տների ու տափերի կեսն իմն է, ասում է, ոչ ավելի, ոչ պակաս։ (Լռություն): Ժամանակ-ժամանակ ինքս էլ մտածում եմ. կարելի է պարտական եմ։ Բայց ինչպե՞ս աչքերս բաս վերցնեմ և ունեցածիս կեսը տամ նրան։ Ի՞նչ կասեն մարդիկ։ «Հորս հետ միասին ես առել տափերը»։ Այո, ճշմարիտ է, բայց ե՞րբ։
ՍԱՂԱԹԵԼ. Նոյ Նահապետի ժամանակներում։
ԱՆԴՐԵԱՍ. Ճշմարիտ է, ընկերներ ենք եղել, բայց չէ որ փողն ես եմ աշխատել, ես, Անդրեաս էլիզբարովս: Դալլաք էլիզբարի թոռը իր բոլոր կարողությունը, դիրքը, անունը, պատիվը ձեռք է բերել իր խելքով ու աշխատանքով: Տասնուհինգ տարի ծառայել եմ Մուսայել աղայի մոտ, տարել եմ նախատինք, թուքումուր: Շան կյանք եմ քաշել, վերջը սուտ-ղորթով մի քիչ փող եմ ձեռք բերել, դուրս եկել և այն ժամանակը ընկերացել Առաքել Օթարյանի հետ։
ՍԱՂԱԹԵԼ. Հե՜հ, երազի պես միտս է հին բազարում բախկալի դուքան ունեիք։ Կանաչեղեն ու թթվեղեն էիք ծախում։ Զատիկ-ջրօրհնեքին էլ գնում էիք Սալիան, ձկնեղեն բերում ու ծախում։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/238
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է