ՄԻՔԱՅԵԼ. Մահվա՞ն։
ՀԵՂԻՆԵ. Այո, կամ խելագարության — երկուսից մեկը, այս տեսակ կյանք վարող մի կին ուրիշ ելք չի կարող ունենալ։
ՄԻՔԱՅԵԼ. Հեղինե՛, դարձյալ սկսեցի՞ր քո անտեղի հանդիմանությունը: Դադարի՛ր, եթե չես կամենում ինձ վրդովել:
ՀԵՂԻՆԵ. Ոչ. բավական է որքան լռեցի, այլևս իմ ուժերը նվազում են։ Տանել այս տեսակ կյանք չեմ կարող։ (Մեկուսի) Աստված իմ, ի՞նչ եմ ասում ես։
ՄԻՔԱՅԵԼ. Ուրե՞մն։
ՀԵՂԻՆԵ. Թող գոնե մի անգամ բացարձակ ասեմ այն, ինչ որ վաղուց պետք է ասեի, ամոթը կապվում էր իմ լեզուն։ Թող ասեմ, որ դու... դու ինձ խաբում ես և դավաճանում ։
ՄԻՔԱՅԵԼ. Կեցցե՜ս, ճշմարտությունը գտար, արի շրթունքդ համբուրեմ։ Խաբել, դավաճանել, սիրելիս, չգիտե՞ս, որ այդ խոսքերի համար ես կարող եմ քեզանից փաստեր պահանջել։
ՀԵՂԻՆԵ. Իմ փաստը իմ սիրտն է առայժմ, երանի թե նա ինձ մոլորեցներ։ Ա՜խ, Միքայե՛լ, եթե ինձ հուզողը միայն դեպի քեզ ունեցած սերը և նրանից առաջացած խանդը չիներ, ես այդքանին ևս չէի դիմանա։ Ո՜ւր մնաց, որ դու
ուզում ես անպատվել իմ անունը, ուզում ես ինձ հասարակության ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձնել, ոտնատակ անել իմ կանացի ինքնասիրությունը. ահա ինչն է սարսափելին։
ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի) Ոչ. այսպես շարունակել չի կարելի. պետք է սրա հետ մեղմ խոսել: (Բարձր) է՛լիչկա, սիրելի՛ս, դու սխալվում ես իմ մասին, հավատացնում եմ, սխալվում ես։ ճշմարիտ է, երբեմն ես մոռանում եմ, որ ընտանիքի տեր եմ, հայր եմ և ամուսին, բայց այդ մոռացումը միայն գործի համար է։ Ի՞նչ է, իսկապես, իմ մեղքը։ Որ գիշերները ո՞ւշ եմ տուն վերադառնում կամ երբեմն չեմ վերադառնում։ Համաձայնի՛ր սիրելի՛ս, որ
ես տղամարդ եմ և գործնական մարդ, հասարակության անդամ։ Հիշիր, քանի տեսակ զբաղմունք ունեմ, մի՞թե