ԱՆԴՐԵԱՍ. Ներումն խնդրելուց ի՞նչ օգուտ, դու պետք է աշխատես մեղքդ քավել, սխալդ ուղղել։
ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրո՛ւ, ես կքավեմ իմ մեղքերը։
ԱՆԴՐԵԱՍ. Այ ինչպես։ Լսի՛ր։ Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ գրավոր ապացույցներ իմ դեմ։ Դու… (Նայելով շուրջը)։ Բայց այստեղ անհարմար է ասել։ Կարծեմ գալիս են։ Գնանք իմ սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ հարկավոր է։ Գնանք։ (Գնում են աջ կողմի առաջին դռներով)։
ՏԵՍԻԼ 8
ՍՈԻՐԵՆ և ՍԱՂԱԹԵԼ
ՍՈԻՐԵՆ. Այո, քեռի, երևակայել չես կարող, թե ինչքան ծիծաղելի էր։ Աբոզովը, քաղաքի առաջին քեֆ անողն և ամենից շատ ծախսողը, հանկարծ մնում է թատրոնի դռների մոտ քիթը քաշ։ Իսկ քո քրոջ որդին բռնում է գեղեցկուհի Առլովայի թևից և կառք նստեցնում։
ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — այդ ի՞նչ պարծենալու բան է։
ՍՈԻՐԵՆ. (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է, բոլորը նայում են նախանձով։ Աբոզովի աչքերից կրակ է թափվում։ Կրակոտ Ալի-Բաբան կառքը թռցնում է, մեզ կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել։ Ծառաները ձեռքի ոտքի են ընկել։ Սեղանը պատրաստ է։ Հյուրերը սպասում են…
ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — ի՞նչ հյուրեր։
ՍՈԻՐԵՆ. Ինձ նման դարդիմաններ։ Մեզ ծափահարում են։ Կառքից ծառաները բերում են թատրոնում ստացված փունջերը — կեսն իմ նվիրածն է։ Առլովան հիացած է նվերներից։ Երբեք այդպիսի բենեֆիս չի ունեցել։ Հետո ի՜նչ քեֆ, ի՜նչ քեֆ։ Շամպանիան ջրի պես է հոսում։ Խմում են Առլովայի կենացը, հետո իմը։ Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ։ Կծում եմ Առլովայի ոտը։ Նա, ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև։ Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս, լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը։ Ոգևորությունն անասելի է։ Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գեղարվեստի։ Ահ, շարմանտ մերվեյլ… Կին չէ, այլ դիցուհի… (Ձեռը զարկելով Uաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին։ (Ձեռը զարկելով Սաղաթելի փորին)։ Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի Բաղդասար…