ՕԹԱՐՅԱՆ Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ ներումն խնդրել։
ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, ուշադրություն մի՛ դարձրու, երեխա է, չի հասկանում։ Նստի՛ր, ինչպե՞ս է մայրդ։
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ։
ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես։ Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր մարդ դարձել։ Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ է բացվել։ Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շա՜տ…
ՕԹԱՐՅԱՆ. Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակսիլ։ Դուք բարձր եք բոլոր վեճերից։
ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, օրհնյալ լինես։ Իմ ցանկությունն էլ այն է, որ բարեկամ մարդիկ հաշտ ապրեն, փողի համար չմոռանան աստծուն։
ԶԱՐՈԻՀԻ. (Գալիս է օրիորդների սենյակից՝ սեղանատուն անցնելու)։ Տիրուհի, օրիորդը ձեզ խնդրում է։ (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով վերադառնում է օրիորդների սենյակը՝ ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ)։
ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց։ (Շտապով գնում է օրիորդների սենյակը)։
SԵՍԻԼ 13
ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ
ՕԹԱՐՅԱՆ. (Անհամբեր մոտենալով Մարգարտին) Ի՞նչ է պատահել այստեղ, ասա՛։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Սովորական խռովություն։ Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և Բագրատի հետ ու միմյանց վիրավորեցին։
ՕԹԱՐՅԱՆ. Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ քույրդ ինձ անպատվեց։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել։ Ես համոզված եմ, որ հետո ինքը կզղջա։ (Զարուհուն, որ այդ միջոցին, օրիորդների սենյակից դուրս գալով, գրաֆինն ու բաժակը ձեռքին անցնում է սեղանատուն)։ Ինչպե՞ս է։