Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես համոզված եմ, որ հետո ինքը կզղջա։ (Զարուհուն, nր այդ միջոցին, օրիորդների սենյակից դուրս գալով, գրաֆինն ու բաժակը ձեռքին անցնում է սեղանատուն): Ինչպե՞ս է։

ԶԱՐՈԻՀԻ. Ոչինչ, մի քիչ լաց եղավ, հանդարտվեց (Գնում է սեղանատուն):
ՄԱՐԳԱՐԻՏ. Թողնենք այդ։ Ավելի կարևոր գործ կա։ Հայրս ուղարկել է քեզ կանչելո՞ւ։
ՕԹԱՐՅԱՆ. Այո, Ո՞ւր է նա։
ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակումն է. հանգստանում է։ Նստի՛ր։ Եթե կամենաս, իսկապես ինձ ես հարկավոր։ Նստի՛ր։ Նստում է աջ կողմի բազկաթոռի վրա): Դու ինձ երկու կրակի մեջ ես գցել։ Ես հավատում եմ քեզ, բայց ուզում եմ հորս էլ հավատալ։ Դուրս բեր ինձ այս անտանելի դրությունից։ Երկուսից մեկը — կամ դու մոլորված ես, կամ հայրս իսկապես մի հանցավոր է։
ՕԹԱՐՅԱՆ. Լսի՛ր, Մարգարիտ։ Ես քանիցս քեզ ասել եմ, որ այդ դատն ինձ համար բարոյական մեծ նշանակություն ունի։ Հավատա, փողն արժեք չունի իմ աչքում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, մի՞թե ես քեզ նոր եմ ճանաչում։ Բայց, հասկացի՛ր, քո և իմ հոր փոխադարձ թշնամությունը կարող է ինձ կործանել, ահա ինչիցն եմ վախենում։
ՕԹԱՐՅԱՆ. Սիրելի, անգին Մարգարիտ, մի՛ պղտորիր հոգիդ մռայլ մտքերով։ Ես գիտեմ, որ դու պաշտում ես հորդ, բայց ես այնքան նրա դեմ չեմ զինված, որքան եղբորդ դեմ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Բագրատը բարեսիրտ չէ, ես գիտեմ այդ։
ՕԹԱՐՅԱՆ. Նա ինձ արհամարհել է ընկերական շրջաններում։ Նա ինձ ստորացրել է տեղի և անտեղի։ Նա ինձ քանի-քանի անգամ անվանել է ձրիակեր։ Ես ուզում եմ ազատվել մուրացկանի վիրավորական դրությունից։ Ուզում եմ արժանանալ քո սիրո՛ւն։ Մի՞թե չես հասկանում իմ պահանջի իսկական նպատակը։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հասկանում եմ. շատ լավ եմ հասկանում։ Բայց ե՞ս ինչ անեմ, ես։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ անսահման, բայց չէ՞ որ սիրում եմ և հորս։ Այսօր նա