Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռչկոտել, ինչպես անհոգ թռչուն։ Կկամենայի ոչնչի մասին չմտածել, բացի իմ անձնական զվարճություններից: Բայց, ի՜նչ արած, չեմ կարող։ (Հառաչելով, արմունկները հենում է դաշնամուրին):

ԲԱԳՐԱՏ. (Հեգնաբար): Սիրահարվա՜ծ ես, տանջվում ես մի անզուգական երիտասարդի, մի աննման իդեալիստի համար: (Լուրջ): Բավակա՜ն է, Մարգարիտ։ Ես չունիմ իրավունք քեզ հանդիմանելու, բայց այլևս լռել չեմ կարող: Բավակա՜ն է։ Թող երեխայությունդ։ Դու չափահաս օրիորդ ես, պետք է հասկանաս, որ չունիս իրավունք սիրելու քո հարազատ ծնողի զրպարտչին։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլուխը բարձրացնելով) Իսկ եթե նա զրպարտիչ չէ, այն ժամանա՞կ։
ԲԱԳՐԱՏ. Դու համոզվա՞ծ ես։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դրականապես և եռանդով) Ավելի քան համոզված եմ։
ԲԱԳՐԱՏ. Քույր, ինձ թվում է, որ քո ուղեղը սկսում է խանգարվել։ Տխմար սիրո զգացումը հարբեցրել է քեզ։ Եթե այդպես շարունակես, ես քեզ էլ կատեմ, ինչպես ատում եմ նրան։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինձ համար այսուհետև միևնույնն է։ Ես ունիմ իմ ձեռքում փաստեր, որոնք քարերին անգամ կարող են համոզել, թե մեր հայրը կողոպտել է մի որբ ընտանիք, և կողոպտել է ամենայն անգթությամբ։
ԲԱԳՐԱՏ. (Շփոթված և միևնույն ժամանակ վրդովված):Մարգարի՜տ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկի ցանկությամբ ես Օթարյանից պահանջեցի նրա դոկումետները։ Նա տվեց, Բագրատ, բոլորը, ինչ որ ասում է նա, զուտ ճշմարտություն է: Ահ, այս միտքը կարող է ինձ խելքից հանել։ (Ընկճված անցուդարձ է անում: Լռություն):
ԲԱԳՐԱՏ. (Շփոթված, չգիտե ինչ ասե): Դու ինձ բոլորովին շփոթեցրիր։ Ո՞րտեղ են այժմ այդ գրավոր ապացույցները։
ՄԱՐԳԱՐԻՏ. Այնտեղ, իմ սենյակում, գրասեղանիս մեջ։
ԲԱԳՐԱՏ. Խոսե՞լ ես հայրիկի հետ։