իդեալական սիրահար։ Բայց ինձ ներիր, ես ատում եմ խավարը։ (Շուռ է տալիս սեղանատան դռների մոտ էլեկտրական թելի կոճակը):
Առաստաղից քաշ արած ջահը տարածում է պայծառ լույս:
ՄԱՐԳԱՐԻՏ. Բավական է։ (Դադարում է նվագել և դաշնամուրի կափարիչը ցած գցում: Նկատում է Բագրատի պատրաստությունը): Այդ ո՞ւր ես պատրաստվում։
ԲԱԳՐԱՏ. (Կանգնելով հայելու առջև, որ փողկապն ուղղի): Տեխնոլոգների երեկույթ։ Գնա, հագնվիր, քեզ էլ տանեմ։ Ռոզալիան պատրաստվում է։ Դու այնտեղ կտեսնես տեղական ինտելիգենցիայի ընտիր մասը։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ ընտիր։
ԲԱԳՐԱՏ. Երեկույթում միայն ինժեներներն են լինելու։ Դու այնտեղ չես տեսնիլ ոչ պորտֆելի և ոչ ռուբլու հերոսներին, այսինքն` ոչ իրավաբաններին և ոչ բժիշկներին։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչպես երևում է, շատ մեծ կարծիք ունիս քո մասնագիտության մասին։
ԲԱԳՐԱՏ. Եռանդի, խելքի և ժամանակիս իսկական ներկայացուցիչներն ինժեներներն են։ Կգա՞ս, թե չէ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես տրամադրություն չունիմ երեկույթ գնալու։
ԲԱԳՐԱՏ. Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը—տրամադրություն։ Մարդուս իրանիցն է կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան։ Ահ, այս անիծվածը չի կապվում։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Մոտենում է, օգնում փողկապը կապելու) Քեզ համար հեշտ է այդ ասել։ Դու հաշտվում ես կյանքի բոլոր հանգամանքների հետ:
ԲԱԳՐԱՏ. Եթե, իհարկե, հանգամանքներն արժանի չեն դիմադրության, Հակառակ դեպքում գիտեմ առողջ դատողությամբ կռվել նրանց դեմ։ (Մարգարիտն ուղղել է Բագրատի փողկապը): Շնորհակալ եմ։ (Նայեյով եղունգներին): Գիտես, սիրելիս, մեր ժամանակի միակ գերիշխանը բանականությունն է։ Այս տեսակետից ես չեմ կարող արդարացնել վերջին ժամանակվա քո տխրությունը, որ արդեն սկսել է բողոքի ձև ստանալ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Կկամենայի ես ուրախ լինել քրոջս պես,