Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԳՐԱՏ․ (Զգալով, որ շատ հափշտակվեց): Մարգարիտ, ես հարգում եմ քո գաղափարները, բայց մի՛ հափշտակվիր։ Մտածի՛ր, ինչ մթնոլորտումն ենք ապրում։ Մեր հասարակության մեջ քո արածը ոչ ոքին չի հիացնիլ, ընդհակառակը, շատերը քեզ կհամարեն հիմար։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես հասարակության համար չեմ անում, այլ իմ խղճի համար։
ՌՈԶԱԼԻԱ․ (Կատաղի): Զզվում եմ այդ տեսակ ֆրազյորներրից։ (Բագրատին): Զուր ես աշխատում նրան բան հասկացնել։ Նրա վրա միայն ուժը կարող է ազդել։ Խլիր նրա ձեռքից այդ թղթերը, պրծավ գնաց։
ԵՐԱՆՈԻՀԻ․ (Երևում է սեղանատան դռների մեջ):
ԲԱԳՐԱՏ․ (Նույն մեղմ տոնով): Գոնե վաղը մի՛ հանձնիր։ Սպասիր մի քանի օր, միասին խորհրդակցենք։ Դու խելոք ես, չես կամենալ մեզ մեր թշնամու ձեռքը գցել։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Ահա մեր մայրը, թողեք, տեսնենք, նա ինչ է ասում։

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈԻՀԻ, հետո ԶԱՐՈԻՀԻ


ԵՐԱՆՈԻՀԻ. (Առաջ է գալիս, ձեռքերը ծոցը դրած, տխուր): Այսքան տարի այդ մարդու արարքները թաքցրի երեխաներիցս, աստծուն է հայտնի ինչ տանջանքներով։ Գիշեր-ցերեկ մտածել եմ այդ բանի մասին։ ժամանակ-ժամանակ բերան եմ բաց արել խոսելու, խոսքս կտրել է գոռոցով։ Լռել եմ ու կրակս ներսումս պահել։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Լսո՞ւմ եք։
ԲԱԳՐԱՏ․ Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ։
ԵՐԱՆՈԻՀԻ․ (Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես։ Հայրդ իր հոգին ծախել է սադայելին։ Երեկ գիշեր երազումս տեսա հանգուցյալին։ Կանգնած էր մեր դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած, դեղնած, մաշված։ Նա ասում էր․ «Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին ենք աշխատել այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից», Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ