Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես այնտեղից բոլորը լսում էի։ Մամա, այս անգամ անառակ որդիդ քեզ հետ համաձայն է։ Տուր ձեռդ համբուրեմ։ Այսօր ես տեսնվեցի Օթարյանի հետ։ (Մարգարիտին): Թույլ կտա՞ս խոսել մայրիկի ներկայությամբ։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես մայրիկից գաղտնիք չունեմ։
ՍՈՒՐԵՆ․ Պետք է խոստովանած, որ ջենտլմեն տղա է։ Ես լավ չէի ճանաչում նրան։ Այսօր շատ հավանեցի։ Նա ասում է․ «Ես աղքատ եմ, աղքատ էլ կմնամ, միայն թե Մարգարիտը չդադարի ինձ սիրել»։ Լսո՞ւմ ես, պետք է մեծ սիրտ ունենալ, որպեսզի սիրո համար հրաժարվել ահագին ժառանգությունից։ (Զարուհուն, որ վերադարձել է սենյակից և ականջ է դնում): Կորի՛ր, ի՞նչ ես ականջ դնում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ դո՞ւ ինչ ասացիր նրան։
ՍՈՒՐԵՆ․ Ե՞ս։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող էր ասել ինձ նման մի գիժ։ Ես նրան ասացի, «Արտաշես, իմ քույրը հպարտ աղջիկ է։ Նա քեզանից զոհաբերություն չի ընդունիլ։ Դու վեհանձնությամբ նրանից գերազանցել չես կարող»։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Շնորհակալ եմ։
ՍՈՒՐԵՆ․ Սրանով էլ վերջացավ մեր բանակցությունը: Այժմ լսեցեք իմ կարծիքը, ախար, черт его дери, ես էլ ընտանիքի անդամ եմ։ Եթե ապացուցված է, որ մեր հայրը զրկել է Օթարյանին, ամենքս պարտավոր ենք պահանջել, որ նա զրկվածներին բավարարություն տա։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Մայրիկ, լսո՞ւմ ես ինչ է ասում։
ՍՈՒՐԵՆ․ էհ, ի՞նչ ես մայրիկին խոսեցնում իմ մասին։ Նա ինձ վրա խաչ է դրել։ Ես շառլատան եմ․ փչացած։ Բայց թող հայտնի լինի ձեզ, որ շուտով կհրաժարվեմ իմ բաժին ժառանգությունից, քան կհամաձայնվեմ, որ մարդիկ երեսիս ասեն․ «Դու կողոպտիչի որդի ես»։ Այս մեկն արդեն վճռված է և ստորագրված։ (Սիգար է վառում
ԵՐԱՆՈԻՀԻ․ Խելքս քեզանից բան չի կտրում։ Համ այդ ես ասում, համ էլ ինքդ կողոպտում ես հորդ։
ՍՈՒՐԵՆ․ Աա՜, դու մուրհակների մասի՞ն ես ակնարկում։