Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՂԱԹԵԼ․ էհ, դու էլ ժամանակ գտար հորս հիշելու։


ԱՆԴՐԵԱՍ. Հիսունուվեց տարեկան մարդ եմ, Սաղաթել, գլխովս հազար ու մի փորձանք է անցել։ Երդում եմ կոտրել, միամիտներ եմ խաբել, խեղճեր եմ գռփել ու կողոպտել, երեք անգամ կաշառքով ազատվել եմ դատաստանից, բայց երբեք այս դրության մեջ չեմ եղել։ Ինչի՞ցն է այս, Սաղաթել։ Այ, տե՛ս, սառը քրտինքը պատեց մարմինս։

ՍԱՂԱԹԵԼ. Վաղն այս ժամանակ կհաշվես ու կտեսնես, որ մոտ յոթ հարյուր հազար ռուբլու կալվածք է մնացել ձեռքումդ։

ԱՆԴՐԵԱՍ. Ագահություն, աչքածակություն, ուրիշ ոչինչ։

ՍԱՂԱԹԵԼ. էհե՛, դու սկսում ես դատողություններ անել։ Շտապի՛ր, գիշերն անցնում է։

ԱՆԴՐԵԱՍ. Չկարծես, թե միայն փողի համար եմ անում, Սաղաթել։ Ոչ, այլ այդ լակոտին խրատելու համար։ (Վեր է կենում):

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե։ Այստեղ պատվի խնդիր կա, փողն ինչ...

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրնտելով) Գոռո՛զ, ամբարտավա՜ն։ Ուզում է ինձ խեղդել, ինձ, որ կարող եմ հարյուրին խեղդել այս ճանկերովս։ Աա, եթե ձեռքս ընկնին թղթերը, ցույց կտամ քեզ, թե ով եմ ես... Սուս, այդ ի՞նչ ձայն է։

ՍԱՂԱԹԵԼ. Ես ոչինչ ձայն չեմ լսում։

ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, Անդրեաս, մի թուլանար, ամոթ է։ Այս մեկն էլ։ Ինչ որ լինելու է այն պիտի լինի։ (Զգույշ քայլերով անցնում է Մարգարիտի սենյակը):

ՍԱՂԱԹԵԼ․ Գայլը մտավ գառների փարախը — կասեր հայրս: (Մոտենում է սեղանատան դռներին և լույսը հանգցնում։ Բեմում տիրում է խավար): Այսպես լավ է, ինձ չեն տեսնիլ։ (Լռություն: Սեղանատնից լսվում է ժամացույցի տասնումեկ զարկը): Հիմա ես էլ եմ վախենում։ Երկարատև լռություն:

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է դռների մեջ. չափազանց այլայլված է, դողում է, բայց ուրախ է: Ձեռում ամուր բռնած է թղթերի մի ծրար: Լռություն: Հետո շշնջյունով) Սաղաթե՜լ