ՍԱՂԱԹԵԼ․ Այստեղ եմ։ (Սենյակը նորից լուսավորում է):
ԱՆԴՐԵԱՍ. (Առաջ է գալիս): Ահա նրա հոգին։ Ահա ինձ քնից ու հանգստությունից զրկողը։ Հարստությունս, անունս, պատիվս, յոթ հարյուր հազարի փրկությունը։
ՍԱՂԱԹԵԼ. Դե, գնանք, հեռանանք այստեղից։
ԱՆԴՐԵԱՍ. Թող դեռ տեսնեմ, նրանք են թե չէ։ (Ծրարը զննում է): Իսկ և իսկ։ Ինչպես լավ հաջողվեց։ Նա քնած էր երեխայի պես, գիրքը կրծքի վրա բռնած։ Բանալիները բարձի տակ էին։ Վերցրի ու... ձայն չե՞ս լսում․ (Ծրարը շտապով դնում է գրպանը):
ՍԱՂԱԹԵԼ․ (Անհանգիստ) Լսում եմ։ Հեռանանք։
Փողոցից լսվում է ոստիկանական շվոցի ձայն:
ԱՆԴՐԵԱՍ. Աա , ոստիկանները գող են բռնում։ Երևի, խեղճերից մեկը, քաղցածությունից ստիպված, գողացել է մի փալասի կտոր։ Սուս հեռանանք։
ՍԱՂՍԹԵԼ. (Մոտենում է աջ կողմի առաջին դռներին, մի վայրկյան կանգ է առնում և անհետանում):
ԱՆԴՐԵԱՍ. Հետևում է նրան:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս գիշերային սպիտակ հագուստով, նայում է աջ ու ձախ այլայլված, նկատում է հորը, որ այդ պահին արդեն դռների մոտ է: Ուժգին ցնցվում է ու հշում թույլ): Հայրի՜կ։ (Մի քանի քայլ առաջ է վագում և բարձր ճչում) Հայրի՜կ։
ԱՆԴՐԵԱՍ. Դռների միջից սարսափահար հետ է նայում և անհետանում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հեկեկալով ընկնում է հատակի վրա:
Վարագույրն իջնում է հանդարտ