Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՂԱԹԵԼ. Ինձ համար էլ այդպես է. քիչ լինի, նաղդ լինի։ (Տերողորմյան տրորում է ձեռների մեջ և հոտ քաշում)։


ԲԱԳՐԱՏ. Խանութպանի սկզբունք։ (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք գնալ։

ԿԱՐԻՆՅԱՆ. (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ հիշեցնել…

ԲԱԳՐԱՏ. Ձեր ռոճիկի մասի՞ն։ Գիտեմ։ Լավ, լավ, կմտածեմ։

ԿԱՐԻՆՅԱՆ. Վեց ամիս է միևնույնն եք ասում։ Հարյուր ռուբլի ամսականը իմ տաժանակիր աշխատանքի համար շատ չնչին վարձ է։

ԲԱԳՐԱՏ. Բավական մեծ վարձ է, եթե համեմատենք ձեր չնչին կրթության հետ։ Մեր ժամանակում գնահատվում է միայն տաղանդը և գիտությունը։

ԿԱՐԻՆՅԱՆ. Իսկ երկար տարիների բարեխիղճ և ազնիվ ծառայությունը ոչի՞նչ։

ԲԱԳՐԱՏ. Լավ, հեռացե՛ք։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ աշխատում են ինձ բան սովորեցնել։ Ցտեսություն։

ԿԱՐԻՆՅԱՆ. (Գնում է գրասենյակ դժկամակ դեմքով։ Մի փոքր անցած այնտեղ տիրում է մթություն)։


ՏԵՍԻԼ 2

ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹԵԼ

ԲԱԳՐԱՏ. +(Անհամբեր) Քեռի, այժմ ասա տեսնեմ, ի՞նչ նորություն կա։

ՍԱՂԱԹԵԼ. +Գոհություն աստծու, ամեն բան կարգին է։ (Հանդարտ ոտքի է կանգնում, ուղղելով արխալուղի փեշերը)։

ԲԱԳՐԱՏ. +Օթարյանն եկե՞լ է այստեղ։

ՍԱՂԱԹԵԼ. +(Ուսերը վեր քաշելով) Ես ինչ գիտեմ, խոմ պահապան չեմ։ (Սկսում է ծանր քայլերով անցուդարձ անել)։

ԲԱԳՐԱՏ. +Անհրաժեշտ է իմանալ, տեսնվե՞լ է նա Մարգարիտի հետ։

ՍԱՂԱԹԵԼ. +Կարող է տեսնված լինել, կարող է չլինել, աստծու բանն է։

ԲԱԳՐԱՏ. +Ես չեմ կարողանում ամբողջ օրը Մարգարտին հանդիպել։ Չգիտեմ ինչու, նա փակվել է իր սենյակում և ոչ ոքի չի ընդունում։ }}