Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիպել։ Չգիտեմ ինչու, նա փակվել է իր սենյակում և ոչ ոքի չի ընդունում։


ՍԱՂԱԹԵԼ. Աստծու բանն է։

ԲԱԳՐԱՏ. Առհասարակ այսօր մեր տանը տարօրինակ տրամադրություն է տիրում։ Նկատեցի՞ր, հայրիկը որքան փոխված էր ճաշի ժամանակ։ Ես երբեք նրան այդպես անկապ խոսելիս չեմ տեսել։ Նա սովորականից ավելի էր գինի խմում։ Այդ արթուն մարդը, կարծես ուզում էր դիտմամբ հարբել։

ՍԱՂԱՑԵԼ․ Աստծու բանն է։

ԲԱԳՐԱՏ. Քե՞զ ինչ է պատահել չեմ հասկանում։ Այսօր շատ շուտ-շուտ ես հիշում աստծու անունը։

ՍԱՂԱԹԵԼ․ Ես աստծուն միշտ հիշում եմ։ Դու էիր, որ ուզում էիր ինձ շեղել նրա ճանապարհից քո ուսումնական բացատրություններով։

ԲԱԳՐԱՏ. (Կանգ է առնում և նայում նրան խորը, խորը) Դու ինձ հանդիմանո՞ւմ ես։ Այդ վատ չէ, վատ չէ։ Ես ինքս պատրաստվել էի քեզ մի թեթև նախատինք տալու։

ՍԱՂԱԹԵԼ․ նախատինք տալո՞ւ։ Ի՞նձ։ Ինչո՞ւ համար, ի՞նչ եմ արել։

ԲԱԳՐԱՏ. (Մոտենալով, ձեռը դնում է նրա ուսի վրա և կես բարեկամաբար, կես լուրջ): Արի, պատվելի քեռի, խոստովանիր, որ դու շատ կցանկանայիր համոզվել, որ (Ձեռը դեպի երկինք բարձրացնելով) այնտեղ ոչինչ չկա։

ՍԱՂԱԹԵԼ. Յանի, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր։

ԲԱԳՐԱՏ. Ուզում եմ ասել, պատվելի քեռի, որ քեզ նման մարդկանց համար շատ ձեռնտու է ոչ այնտեղ (Ձեռը բարձրացնում է դեպի երկինք) երկյուղ ունենալ և ոչ այստեղ։ (Ձեռը խփում է Սաղաթելի սրտին

ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դո՞ւ ինչ ես, դո՞ւ։ Դո՞ւ ումից և ինչից ես վախենում, անհավատ։

ԲԱԳՐԱՏ. Ե՞ս։ Ահա (Ձեռը զարկում է իր ճակատին) թե ինչիցն եմ վախենում։ Իմ միակ աստվածը բանականությունն է։ Հիմա, քեռի, դառնանք գործնականին։ Ասա, տեսնեմ, քսանուհինգ տարվա ընթացքում որքա՞ն ես գողացել է Էլիզբարյաններից։