Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բամբասանքի նյութ է տայիս։ Բայց ես զարմանում եմ, որ այդպես հանգիստ ես։

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ չպիտի հանգիստ լինեմ։ Փառք ասածո։ Խոմ տունս կրակ չի ընկել կամ վեքսելներս պրոտեստ չեն անում։ (Անհանգիստ նայում է դեպի այն դռները, ուսկից դուրս է եկել):
ԲԱԳՐԱՏ. Երեկ դու այդպես չէիր խոսում։
ԱՆԴՐԵԱՍ. Երեկը երեկ էր, այսօրը-այսօր։ Սաղաթել, այդ տերողորմյան տուր ինձ։ (Սաղաթելը տալիս է) էհ, փառք քեզ աստված, մեծ է քո ողորմությունը։ (Նստում է իր գրասեղանի մոտ):
ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, ուրեմն, դու այլևս չե՞ս վախենում Օթարյանից։
ԱՆԴՐԵԱՍ. (Ծիծաղում է նյարդային, արվեստական ծիծաղով) Հի՛, հի՛, հի՛, լսեցի՞ր Սաղաթել։ Ասում է Օթարյանից չե՞ս վախենում։ (Որդուն) Ո՞վ է Օթարյանը։ Ե՞րբ եմ ես նրանից վախեցել կամ ումի՞ց եմ վախեցել։ Անդրեաս էլիզբարովը վախեցող պտուղներից չէ: (Դարձյալ նայելով ձախի դռների կողմը) Սաղաթել, տես ով կա այն սենյակում։ (Բագրատին) Հիմար բաներ ես խոսում։
ՍԱՂԱԹԵԼ․ (Նայել է ձախ դռներով դեպի ներս) Այստեղ ոչ ոք չկա։
ԱՆԴՐԵԱՍ․ Աչքիս մեկն երևաց սպիտակ հագուստով, երկայն մազերով։ Ծածկիր այն դռները։ Օթարյան—չէ, շուն, կատու, մուկ, խլեզ։
ԲԱԳՐԱՏ. (Ուշադիր դիտել է հորը) Զարմանում եմ։ Երեկ դու համարյա սարսափում էիր Օթարյան անունից, այսօր ծաղրում ես նրան։ Իսկ ես, ընդհակառակը, երեկ նրան արհամարհում էի, այսօր չեմ կարող։
ԱՆԴՐԵԱՍ. Այդ քո գործն է։ Ինչ ուզում ես, արա։ Դեհ, Սաղաթել, գնո՞ւմ ենք կլուբ, թե չէ։
ՍԱՂԱԹԵԼ. (Համաձայնության նշան է անում
ԲԱԳՐԱՏ. Երեկ երեկոյան ես Մարգարիտի մոտ տեսա և կարդացի այն թղթերը, որոնց գոյությունը քեզ հայտնի է։ Եթե Մարգարիտն այդ թղթերը վերադարձրել է Օթարյանին, չգիտեմ ինչպես կարելի է հանգիստ լինել։