Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևի, ամոթից տանջվում է։ «Հայրիկ», որ գոռաց սարսափից ոտներս թուլացան, քիչ էր մնում դռների մոտ ընկնեի։ Սաղաթել ինձ թվում է, որ նա իմ հոգեհան հրեշտակն է, հետևում է ինձ շուքի պես և վերջը պիտի՝ բռնի օձիքս և ասի. «Հաշիվ տուր, ես քո դատավորի եմ»։ Ի՞նչ պիտի ասեմ։ Սաղաթել, ես ու դու շատ բաներ ենք արել, բայց այս մեկը չենք մարսիլ, կմնա մեր կոկորդում, կտեսնես...

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե, եթե քեզ այդպես կպահես, ինքդ քեզ փորձանքի մեջ կգցես։ Պետք է սառը լինել, այնումն էլ չգցես։ Մտածիր, թե ինչ ահագին հարստություն ես ազատել, այն ժամանակ արածդ քեզ ոչինչ կերևա։ (Լռություն) Հա՛, քանի միտդ է խոստումդ կատարիր։ Մի փոքրիկ թուղթ տուր, որ հինգ հարյուր սաժեն հող քաղաքի այս ինչ տեղում բաշխում ես ինձ։
ԱՆԴՐԵԱՍ. Անաստվա՛ծ, դու հենց քո մասին ես մտածում։ Ագա՜հ։
ՍԱՂԱԹԵԼ. (Հեգնաբար) Ագա՜հ, քսանից մեկն է ինձ տալիս, էլի ես եմ ագահը։
ԱՆԴՐԵԱՍ. Լավ, հետո կտամ։
ՍԱՂԱԹԵԼ. Ոչ, ոչ, հիմա, հետո կուրանաս։ Ես քեզ ճանաչում եմ։
ԱՆԴՐԵԱՍ. (Կատաղելով) Հետո, ասում եմ։
ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նրան սուր և խորհրդավոր հայացքով) Դո՛ւ գի՛տես։
ԱՆԴՐԵԱՍ. (Հասկանում է նրա միտքը) Աա՜, սադայել, դու հորդ գերեզմանն էլ տակնուվրա կանես մի ոսկու համար։ (Մոտենալով գրասեղանին)։ Տուր ինձ մի կտոր թուղթ։
ՍԱՂԱԹԵԼ. Ես արդեն ինքս գրել պատրաստել եմ, մնում է ստորագրես։ (Հանում է իր գրպանից մի գրած թուղթ և տալիս է նրան):
ԱՆԴՐԵԱՍ. (Թուղթը կարդալով) Սատանա, նոտարիուսի պես է գրել։ Հինգ հարյուր սաժեն։ Քաղաքի կենտրոնում ամենալավ տափերիցս մեկը։ Շատ է, այսքանը չեմ կարող տալ։