ՍԱՂԱԹԵԼ. Նա երբեք քեզ չի մատնիլ։
ԱՆԴՐԵԱՍ. (Ցնցվելով, բանալին շտապով գրպանն է դնում) Ա՜հ, ոտքի ձայն լսեցի։ Տես ո՞վ է գալիս։ Պետք է սառնարյուն լինել…
ՍԱՂԱԹԵԼ. (Մոտեցել է նախասենյակի դռներին, բաց է արել ու նայել) Նա է։ (Դեպի նախասենյակ) Համեցե՛ք… (Հետ է քաշվում, գլուխ տալով Օթարյանին)։
ՏԵՍԻԼ 5
ՆՈՒՅՆՔ և ՕԹԱՐՅԱՆ
ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում անհանգիստ դեմքով, գլուխ է տալիս Անդրեասին թողնելով Սաղաթելին։ Վերարկուով է)։ Ներեցեք, որ ձեզ անհանգստացնում եմ։ Ասացեք, ի սեր աստծու, ի՞նչ է պատահել ձեր տանը։ Ինձ ասացին, որ մայրիկն ու օրիորդ Մարգարիտը, հանկարծակի հիվանդ են։
ԱՆԴՐԵԱՍ. Շնորհակալ ենք, պարոն, որ այդպես մտածում ես մեր մասին։ Բայց մեր տանը հիվանդ չկա։ Ուրի՞շ։
ՕԹԱՐՅԱն. Պարոն Անդրեաս, ես գիտեմ, որ ամեն բան արդեն հայտնի է ձեզ։ Չեմ թաքցնիլ, ինձ համար Մարգարտի առողջությունը թանկ է։ Ահա երրորդ անգամն է այսօր գալիս եմ, ինձ չեն ընդունում ասելով, թե հիվանդ է։ Այդ ինձ վախեցնում է։ Անկրկնելի է, որ Մարգարիտը թեթև տկարության պատճառով ինձ չընդունի։ Անշուշտ նա շատ ծանր հիվանդ է։
ԱՆԴՐԵԱՍ. (Հեգնաբար) Սաղաթել, լսո՞ւմ ես։ Մագրը տանջվում է։ Հանգիստ կաց, պարոն, իմ աղջիկր հիվանդ չէ, միայն երևի չի ուզում քեզ ընդունել։ Սաղաթել, կարծեմ, ժամանակ է կլուբ գնալու։
ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե։ (Նշան է անում Անդրեասին, որ իրան սառն պահի)։
ԱՆԴՐԵԱՍ. Էէ՜, մնաս բարով, պարոն սիրահար։ Մեզ ներիր, գործ ունենք։ Եթե ուզում ես, կարող ես նստել, հանգստանալ։ Բագրատը տանն է, կարելի է նա քեզ ընդունի։ (Անցնում է բեմի խորքը դուրս գնալու համար)։