Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատիվը, ես առանց պատվի մի ժամ անգամ ապրել չեմ կարող։

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Հեռացի՛ր, աղջիկ, արյունս գլխովս է տալիս։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, չեմ հեռանալ, մինչև որ չստանամ այդ թղթերը։ Զրկիր ինձ մի կտոր հացից, վռնդիր փողոց։ Ես պատրաստ եմ քո վերջին գործակատարի աղախինը դառնալ, պատրաստ եմ դռնե դուռն ընկնել, ողորմություն մուրալ, բայց գող հռչակվել, ոչ, այդ չեմ կարող: Նա ազնիվ է, նա ինձ էլ ազնիվ է համարում։ Նա իմ մասին շատ մեծ գաղափար ունի։ Եվ հանկարծ գող նրա աչքո՜ւմ։ Ոչ, ոչ, հայրիկ, դու բարի ես, խելոք ես, դու այդ թույլ չես տա։ Տե՛ս, հայրիկ, ես չոքում եմ քո առջև։ (Չոքում է) Խղճա ինձ, խնայի՛ր ինձ։ Քեզանից է կախված իմ կյանքը։ Լա՛վ լսիր, կյանքս եմ ասում։ Մի՛ արա, հայրիկ, այդ բանը, մի՛ արա, գողությունը սոսկալի հանցանք է։
ԱՆԴՐԵԱՍ. (Կռվել է ինքն իր հետ) Վեր կաց, ամոթ է, ներս կմտնեն, կտեսնեն։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, ոչ, ես վեր կկենամ միայն պատիվս հետ ստացած։ Տեսնո՞ւմ ես, խիղճդ արդեն տանջում է քեզ։ Մի՛ դարձնիր երեսդ, երդվում եմ, երբեք քեզ չեմ դատապարտիլ, երբե՛ք, ոչ մի խոսքով, ոչ մի ակնարկով։ Կպապանձվեմ և կհարգեմ քեզ առաջվա պես։ Ես գիտեմ, որ դու մոլորվել ես և այժմ զղջում ես։ Հայրիկ, տուր ինձ այդ թղթերը։
ԱՆԴՐԵԱՍ. (Վճռական շարժում է անում և վեր կենում) Հոգիս բերանս բերեցիր: (Մոտենում է գրասեղանին, արագ բաց անում արկղը և ծրարը հանում):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախացած ոտքի կանգնելով) Ահ. ես գիտեի, որ դու բարի ես, որ քո չարությունը կեղծ է։ Շնորհակալ եմ, հայրիկ, դրանով դու ազատում ես ոչ միայն պատիվս, այլև կյանքս...
ԱՆԴՐԵԱՍ. Հը՛մ, ձե՛ոք վերցրու։ Ես մի հարվածով վերջ կտամ ամեն բանի: Ի՜նչ արած, դու համառ ես։ (Թղթերը պատռում և ձգում է վառարան) Ահա նրանց տեղը։