զարդն են կազմում: Պատերի վրա վերջին կաթողիկոսների պատկերներն ու կոնդակները:
Դաշնամուրը դրած է ձախ պատի առջև, դեպի ավանսցեն: Դրսում, պատշգամբի վրա ծաղկամաններ և բույսեր, որոնք, բավական խտատերև լինելով, կանաչեղենի մի թուփ են կազմում:
ՏԵՍԻԼ 1
ՋԱՎԱԴ և ՆՈԻՆՈԻՖԱՐ
Վաղ գարուն է, առավոտ: Լուսամուտները բաց են, վարագույրները ետ քաշած։ Արեգակի հարուստ ճառագայթները տարածվել են ներս և հետզհետե առաջ գալով, հասնում են մինչև բեմի կեսը և ապա, տեսարանի ընթացքում կրճատվելով, կամաց-կամաց չքանում են:
Բեմի ետևից լսվում է ջութակի մեղմիկ և դանդաղ ձայնը: Սամվելն է յուր սենյակամ նվագում:
ՋԱՎԱԴ. (Վարագույրը բարձրանալիս պատշգամբի վրա ցնցուղով ջրում է ծաղիկներն ու բույսերը):
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներից մի մեծ սպիտակ լաթ ձեռին և սկսում է արագ-արագ սրբել կահ-կարասին: Նիհար թուխ-թուխ կին է, ժամանակից առաջ թառամած: Հագած է մաքուր շրջազգեստ օրվա տոնի առիթով, կրծքին կապած է սպիտակ գոգնոց): Մի քանի վայրկյան լուռ գործողություն:
ՋԱՎԱԴ. (Հանկարծ ներս է ցատկում պատշգամբից կոմիկական թռիչքով, ջրի ցնցուղը ձեռքին: ժպտուն, անհոգ դեմքով, վառվռուն աչքերով և սև, հաստլիկ բեղերով: Հագած է կապտագույն արխալուղ, վրեն կինեմոնագույն պիջակ, մեջքին արծաթյա գոտի: Վզով գցած է ժամացույցի մի երկայն արծաթյա շղթա: Խոսելիս ձեռներով, գլխով և մանավանդ ուսերով համապատասխան շարժումներ է