Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՎՍԱՆՆԱ. Նունուֆար, այս Նամակը գցիր փոստարկղ: (Գալիս է խորքի դռներով ձեռքին մի փոքրիկ ծրար: Նուրբ կազմվածքով, բավական սիրուն,բայց շատ նիհար օրիորդ է: Ձևերը կիրթ են և նուրբ: Հագած է նույնպես տոնային ուրախ հագուստ: Բացի մի խոշոր ադամանդյա քորոցից, ոչինչ ակնեղեն չկա վրեն: Հանդարտ մոտենում է դաշնամուրին և, ոտքի վրա կանգնած, սկսում է անփույթ ինչ-որ ուրախ եղանակի ակորդներ տալ):

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Նամակն առնելով, գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ԲԵՄԻ ԵՏԵՎՈԻՄ. (Սամվելը դադարում է ջութակ նվագել: Մի քանի րոպե նորեն նվագում է մի ուրիշ եղանակ և հետո բոլորովին ընդհատում):

ՏԵՍԻԼ 3

ՆԱՐԳԻԶ և ՕՎՍԱՆՆԱ

ՆԱՐԳԻԶ. (Թախտի վրայի բարձերն ուղղում է և գալիս նստում է հանդարտ գահավորակի վրա): Քսաներեք տարիդ էլ լրացավ, տեսնենք այժմ ինչ ես մտածում:

ՕՎՍԱՆՆԱ. (Անփույթ): Ինչի՞ մասին, մայրիկ։
ՆԱՐԳԻԶ. Դու գիտես ինչի մասին եմ ասում։ Եթե պսակվելու եք, ասացեք, որ պատրաստություն տեսնենք, թե չէ…
ՕՎՍԱՆՆԱ. (Երեսը դարձնելով դեպի Նարգիզը, նույն անփութությամբ): Թե չէ, ի՞նչ, մայրիկ...
ՆԱՐԳԻԶ. Օվսաննա, մեր քաղաքում շատ քիչ բան է հարկավոր մի աղջկա բամբասելու համար։
ՕՎՍԱՆՆԱ. Հետո՞:
ՆԱՐԳԻԶ. Հետո այն է, որ դու այսօր պետք է նրանից մի հաստատ խոսք վերցնես։
ՕՎՍԱՆՆԱ. Լավ, բավական է, մայրիկ, այսօր իմ ծննդյան օրն է, հյուրեր պիտի գան, չվիճենք։ (Մոտենում է լուսամուտներից մեկին և նայում է դեպի դուրս):
ՆԱՐԳԻԶ. (Խորին հանդիմանությամբ): Օվսաննա, մայրական համբերությունն էլ չափ ու սահման ունի։
ՕՎՍԱՆՆԱ. (Գրգռվելով): Ի՞նչ ես կամենում, մայրիկ, ի՞նչ: