Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես խոմ չեմ կարող նրան ստիպել ինձ հետ ամուսնանալ։

ՆԱՐԳԻԶ. Ստիպե՞լ... Ո՞վ է այդ ասում։ Քեզ համար նշանածնե՞ր են պակաս մեր քաղաքում։ Ես միայն ուզում եմ,որ դու մեր տան պատիվը պահպանես, ուրիշ ոչինչ։ Գալիս է, գնում, ոչ հարսնացու ես, ոչ ազատ։ Ես այդ չեմ կարող թույլ տալ այսուհետև։ Ես ինքս կխոսեմ նրա հետ։ (Վեր է կենում):
ՕՎՍԱՆՆԱ. (Դրական և խիստ)։ Դու այդ չես անիլ։
ՆԱՐԳԻԶ. (Նույնպես դրական): Կանեմ և հենց այսօր։
ՕՎՍԱՆՆԱ. Մայրիկ, տեսնո՞ւմ ես այս լուսամուտը։
ՆԱՐԳԻԶ. Ի՞նչ ես ուզում ասել։
ՕՎՍԱՆՆԱ. Նա բավական բարձր է փողոցից։ Եթե դու Ժորժին մի խոսք, մի բառ կասես կամ որևէ ակնարկ կանես իմ մասին, այն ժամանակ... մեղքը քեզ վրա...
ՆԱՐԳԻԶ. (Ազդված): Գժեր եք դուք, կապելու գժեր, ամեն բան կարելի է ձեզանից սպասել (քայլերն ուղղում է դեպի խորքի դռները, բայց, զանգա՛կի ձայն լսելով,կանգ է առնում նախասենյակում):
ՆԱՐԳԻԶ (Վերադառնալով բեմի կենտրոնը): Տես ո՞վ է։
ՕՎՍԱՆՆԱ. (Մոտենում է աջ կողմի երկրորդ դոներին, բաց է անում, նայում է դեպի նախասենյակ և ետ է գալիս):Արմազդի քույրերն են։ Գալիս են ինձ շնորհավորելու։
ՆԱՐԳԻԶ. (Արհամարհանքով): Օհ, կարոտել էի նրանց, որ լույսը նոր բացված վազում են գլխիս։

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ, ՆՈՅԻՄԶԱՐ և ԼԵՅԼԻ

ՆՈՅԻՄԶԱՐ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դոներով: Կարմիր այտերով, առողջ կին է անտաշ ձևերով, հագած է եվրոպական շրջազգեստ, իսկ գլուխը կրում է վրաց թասակրավ): Բարով ձեզ։ (Սեփական արժանավորության գիտակցությամբ ձեռ է տալիս Նարգիզին և Օվսաննային):Շնորհավոր ծնունդ, բախտավոր լինիք։

ԼԵՅԼԻ․(Կայտառ, գեղեցկադեմ, ամոթխած, համեստ օրիորդ է: Հագնված է լիովին եվրոպական տարազով շատ համեստ