ԱՐԱՄԱԶԴ. (Դուրս է բերում գրպանից մի թուղթ և տալիս է Աթանեսին)։ Համեցեք, կարդացեք։
ԱԹԱՆԵՍ. Տեսնենք, տեսնենք։ (Թուղթն առնում է, ակնոց է դնում և, հեգնական ժպիտը երեսին, կարդում է): «Торгово-промышленное Товарищество Арамазда Аслановича Агавеляна И других»... (Թուղթը ձգում է սեղանի վրա ծաղրաբար): Օհօ, հո, հո, շատ թունդ ես վազում, տես ոտդ քարին չդիպչի։
ԱՐԱՄԱԶԴ. (Թուղթը վերցնում է ու դնում գրպանը): Ես հավատում եմ իմ աստղին։
ԱԹԱՆԵՍ. Ո՞ր սարի գլխից ես տեսել աստղդ, հե՞։
ԱՐԱՄԱԶԴ. Տասնուհինգ տարվա մեջ աչքիս առջև այս քաղաք եկել են փոքրիկ դրամագլխով մի շարք մարդիկ առանց վարկի, առանց ծանոթների և ահագին գործեր ձեռնարկել։
ԱԹԱՆԵՍ. (Մի ոտը ծալելով ու տակը դնելով): Օրինակ, ովքե՞ր։
ՍՐԱՄԱԶԴ. Զիբերտը, Առնշտեյնը, Պետերսոնը, Մյուլմանը, ո՞ր մեկն ասեմ։
ԱԹԱՆԵՍ. Նրանք կամ հրեաներ են, կամ եվրոպացիներ։
ԱՐԱՄԱԶԴ. Ես մի գրքում կարդացել եմ, որ հայերը շատ հին ժամանակ մրցել են աշխարհի ամենաճարպիկ վաճառականների— փյունիկեցիների հետ։ Եթե մեր նախահայրերը այնպես համարձակ են եղել, ինչո՞ւ մենք չենք կարող լինել։
ԱԹԱՆԵՍ. (Հեգնաբար): Իհարկե, իհարկե, հե հե՜․․․
ԱՐԱՄԱԶԴ. Ի՜նչ արած․ ինը տարի շարունակ ես աշխատեցի ձեզ համոզել, որ ձեր գործելու եղանակը հնացել է, պետք է փոխել, դուք արհամարհեցիք իմ ասածները։ Դուք չլսեցիք իմ խորհուրդները։
ԱԹԱՆԵՍ. (Գրգռված, ոտը հանում է տակից): Ադա, շինականի տղա, դու ո՞վ ես, որ ես քո խորհուրդները լսեի, հե՜։ Վաճառականությունը ես իմ մորս կաթի հետ եմ ձծել։ Իմ հայրն էլ է եղել վաճառական, պապն էլ, մեծ պապն
էլ։ Տեսնո՞ւմ ես այդ խալիները։ Որը Խորասանից էր բերված, որը Թուրքեստանից, որը Բելուջիստանից։ Յոթանասունհինգ